Պեկինում հայտնաբերել են համավարակից ի վեր COVID-19-ով հիվանդացության ամենամեծ թվով նոր դեպքերը
Չինաստանի մայրաքաղաքում գրանցել է կորոնավիրուսով ախտահարման ավելի քան 1400 նոր դեպք, ինչն ամենամեծ ցուցանիշն է դարձել Պեկինի համար համավարակի ողջ ժամանակաշրջանում, նոյեմբերի 22-ին հաղորդել են ասիական ԶԼՄ-ները: Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:
Պեկինում, որի բնակչությունը կազմում է 22 միլիոն մարդ, որոշում է ընդունվել փակել դպրոցները և սովորողներին փոխադրել հեռավար ուսուցման: Քաղաքային իշխանությունները նաև կարգադրել են փակել ռեստորանները և կոչ են արել գործատուներին՝ աշխատակիցներին փոխադրել հեռավար աշխատանքի: Նշվում է, որ COVID-19-ով հիվանդացությունն աճում է ամբողջ երկրում:
Նոյեմբերի 22-ին Չինաստանում հայտնաբերել են ախտահարման ավելի քան 28 հազար նոր դեպք: Չինաստանը որդեգրել է COVID-19-ի նկատմամբ «զրոյական հանդուրժողականության» քաղաքականությունը: Դա նշանակում է, որ վիրուսի տարածումը սահմանափակելու նպատակով կիրառվում են այնպիսի միջոցներ, ինչպիսիք են լոքդաունները և պարտադիր կարանտինները նրանց համար, ովքեր շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հետ: Դրա հետ մեկտեղ, այս ամիս ավելի վաղ երկրի իշխանությունները հայտարարել են միջոցառումների որոշ մեղմացումների, մասնավորապես՝ երկիր ժամանողների համար ինքնամեկուսացման ժամկետը կրճատելու մասին: