
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Թունիս

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ նոյեմբերի 18-ի երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Թունիսի Հանրապետություն:
Նոյեմբերի 18-19-ը Թունիսում՝ Ջերբա քաղաքում, կայանալու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 18-րդ գագաթնաժողովը, որի ընթացքում Հայաստանը ՖՄԿ գագաթնաժողովի նախագահությունը փոխանցելու է Թունիսին: Գագաթնաժողովում վարչապետ Փաշինյանը հանդես կգա ելույթով:
Այցի շրջանակում Փաշինյանը կունենա նաև երկկողմ հանդիպումներ՝ տարբեր երկրների առաջնորդների հետ:
Ջերբայում գործելու է Ֆրանկոֆոնիայի ավան։ Մասնակից երկրները, ՖՄԿ գործընկերներն ու գործակալությունները հնարավորություն կունենան ցուցադրել իրենց երկրների մշակութային բազմազանությունը. ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, մասնակից պետությունների զբոսաշրջային հնարավորությունների, արվեստի ու մշակույթի գործերի, ինչպես նաև ազգային խոհանոցի ներկայացում:
Այս հարթակում Հայաստանի Հանրապետությունը ներկայանալու է «Մշակույթ և տեխնոլոգիա» խորագիրը կրող տաղավարով, որի ձևավորման առանցքում հայկական հարուստ գորգագործական մշակույթն է: