Պետական գույքի կոմիտեն՝ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը տեղափոխելու, շենքը Հաշվեքննիչ պալատին տրամադրելու մասին
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը նամակ է ստացել Պետական գույքի կառավարման կոմիտեից, ըստ որի` առաջարկվում է ինստիտուտը տեղափոխել:
Խնդրի հետ կապված՝ նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական խորհրդի ընդլայնված նիստ և աշխատակազմի ժողով, որի ժամանակ միաձայն և կտրականապես դեմ են արտահայտվել Պետական գույքի կառավարման կոմիտեի առաջարկին` ՀՀ ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված ք. Երևան, Չարենցի 15 հասցեում գտնվող անշարժ գույքը Հաշվեքննիչ պալատին ամրացնելու, իսկ ՊՈԱԿ-ը՝ ք. Երևան, Ներսիսյան 25 հասցեում տեղակայելու վերաբերյալ:
«Ելնելով ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 6.7 կետով սահմանված դրույթներից` պետական գույքի արդյունավետ օգտագործման և ներդրումներ ապահովելու վերաբերյալ, ժողովն արձանագրեց, որ հակասություն չկա Պետական գույքի կառավարման կոմիտեի նամակում հղված՝ հիշյալ ծրագրի բովանդակության և Ինստիտուտի գործունեության միջև: Ավելին, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը ոչ միայն գերարդյունավետ է շահագործում իր պահանջները հազիվ բավարարող տարածքը, այլև տալիս է պատկառելի գիտական արտադրանք, որը չափելի է ներկայացված գործունեությամբ, աշխարհի ամենաբարձր ազդեցության գործակից ունեցող հանդեսներում առկա հրապարակումներով, նաև ակտիվ դեր է խաղում հանրային կարծիքի, ազգային ժամանակակից ինքնության ձևավորման և փորձագիտական ու խորհրդատվական կարծիքների տրամադրման գործընթացներում, ինչպես և օժտված է ներդրումային մեծ հնարավորություններով (իրականացնում է Եվրամիության և այլ միջազգային բազմամիլիոնանոց ծրագրեր, արտասահմանյան խոշոր բյուջեով արշավախմբեր է ներգրավում երկրում իրականացվող գիտահետազոտական աշխատանքներում, բացառիկ՝ որոշ դեպքերում միակ աղբյուրն է Հայաստանում տուրիզմի զարգացման համար)»,- նշված է ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ:
168.am-ը կապ հաստատեց Պետական գույքի կառավարման կոմիտեի մամուլի քարտուղար Գեղամ Ասատրյանի հետ՝ պարզելու, թե ի՞նչ են առաջարկել, և ինստիտուտի հին շենքի ճակատագիրն ի՞նչ է լինելու:
«Չկա որոշում, չկա հրաման, պարզապես եղել է ներքին շրջանառության փաստաթուղթ և առաջարկ է եղել ինստիտուտը տեղափոխել: Ինչ վերաբերում է շենքի ճակատագրին, ապա հարցն ամբողջությամբ վերաբերում է միայն պետական սեփականություն հանդիսացող շենքերի տնտեսապես և այլ առումներով արդյունավետ կառավարմանը, այսինքն, շենքը վաճառում են, օտարում են, նման հարցերի մասին չէ խոսքը: Որպես օրինակ՝ բերեմ Հաշվեքննիչ պալատը: Այն պետական բյուջեից տարեկան շուրջ 40 միլիոն դրամի վարձակալության գումար է տալիս մասնավորին՝ Վարդանանց փողոցում գտնվող տարածքի համար: Հիմա մեր մոտեցումն այն է, որ ժամանակի ընթացքում հնարավորինս պետք է սեղմվի այդ ցուցակը և հնարավորության դեպքում նաև բացառվի, որ եթե պետությունն ունի տարածքներ, ապա մեկ այլ պետական կառույց մասնավորից տարածք չվարձակալի: Որքանով տեղյակ եմ՝ ինստիտուտին առաջարկվող նոր տարածքն ավելի մեծ է, քան ներկայիս տարածքը»,- ասաց Գեղամ Ասատրյանը՝ շեշտելով, որ պարզապես արդյունավետ կառավարման տեսանկյունից առաջարկություն էր եղել, որը եթե կընդունվի՝ շատ լավ, եթե չի ընդունվի՝ արտառոց ոչինչ չկա, և Հաշվեքննիչ պալատի 40 միլիոն դրամը կրճատելու առումով երևի այլ բան կմտածի Պետական գույքի կառավարման կոմիտեն:
Հարցին՝ առանձին խոսակցություն չի՞ եղել ինստիտուտի հետ, Պետական գույքի կառավարման կոմիտեի մամուլի քարտուղարը պատասխանեց՝ որքանով տեղյակ է, եղել է:
«Պետական գույքի կոմիտեն որևէ հավելյալ մեկնաբանության, պարզաբանումներ տալու, հերքելու կամ հաստատելու իմաստ չի տեսնում, որովհետև եղել է ներքին շրջանառության փաստաթուղթ, ներքին խոսակցություն, առաջարկություն, որի պատասխանը կլինի կամ այո, կամ ոչ: Կամ քննարկման արդյունքում կլինի որևէ կոնսենսուսային լուծում»,- եզրափակեց Գեղամ Ասատրյանը: