
ՌԴ պատգամավորներն առաջարկում են վետերաններին սահմանված ժամկետից շուտ կենսաթոշակի իրավունք տալ

Ռուսաստանի Դաշնության պետական դումայում շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է մարտական գործողությունների մասնակիցներին (վետերան) կենսաթոշակի անցնելու հնարավորություն ընձեռել՝ սահմանված ժամկետից 5 տարի շուտ: Այս մասին տեղեկանում ենք «Ռիա Նովոստիի» հրապարակումից:
Նախագծի հեղինակներն են Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ պատգամավորները:
«Շրջանառության մեջ ենք դրել նախագիծ, որն ուղղված է մարտական գործողությունների վետերաններին աջակցելուն: Նրանց համար այն կապահովի ընդհանուր կենսաթոշակային տարիքից 5 տարի շուտ թոշակի անցնելու իրավունք՝ 55 (ներկայիս 60-ի փոխարեն) կանանց համար և 60 (65-ի փոխարեն) տղամարդկանց համար»,- գրել է նախագծի համահեղինակ Յարոսլավ Նիլովն իր տելեգրամյան ալիքում։