ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի և ԱՊՀ-ի ղեկավարները Մոսկվայում կքննարկեն եվրասիական անվտանգությունը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, Անկախ պետությունների համագործակցության և Շանհայի համագործակցության կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաները կքննարկեն նշված կառույցների փոխգործակցությունը Մոսկվայում նոյեմբերի 16-ին կայանալիք տասներորդ ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում:
Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից: «ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը և ՇՀԿ-ի գլխավոր քարտուղար Չժան Մինը կքննարկեն երեք խոշորագույն տարածաշրջանային միջազգային կազմակերպությունների միջև փոխգործակցությունը, ինչպես նաև եվրասիական տարածաշրջանի անվտանգության հարցեր», – ասվում է ՀԱՊԿ-ի հաղորդագրության մեջ:
ՀԱՊԿ-ի մեջ մտնում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: Ներկայում ԱՊՀ-ի կազմում են գտնվում Ռուսաստանը, Բելառուսը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը և Մոլդովան: ՇՀԿ-ի կազմի մեջ մտնում է ութ երկիր՝ Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը: Չորս պետություններ՝ Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը և Մոնղոլիան, դիտորդի կարգավիճակ ունեն: Վեցը գործընկեր-երկրներն են: Դրանք են Հայաստանը, Ադրբեջանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան և Շրի Լանկան: ՇՀԿ-ին անդամակցության եզրափակիչ փուլում է գտնվում Իրանը: Անդամակցության ընթացակարգն սկսվել է անցած տարվա աշնանը: