Բաժիններ՝

Չինաստանը պատրաստ Է աջակցել ԿԺԴՀ-ին տնտեսական օգնություն ցուցաբերելու Սեուլի պլանը

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը G20-ի գագաթնաժողովի շրջանակներում Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է աջակցել Հյուսիսային Կորեային տնտեսական օգնություն ցուցաբերելու Սեուլի «համարձակ պլանը», եթե Փհենյանը համաձայնի դրան:

Ըստ Սեուլի պլանի՝ տնտեսական աջակցության դիմաց Հյուսիսային Կորեան պետք է փուլ առ փուլ միջուկազերծվի: Այդ մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։ Ղեկավարները G20-ի գագաթնաժողովի կուլուարներում հանդիպել են նոյեմբերի 15-ին և քննարկել մի շարք հարցեր:

Յուն Սոկ Յոլը Սի Ծինփինին հայտնել է վերջին ժամանակներս ԿԺԴՀ-ի կողմից աճող «սպառնալիքի» մասին՝ նկատի ունենալով Փհենյանի բազմաթիվ հրթիռային արձակումները, խնդրել է Չինաստանին «ավելի ակտիվ և կառուցողական դեր» խաղալ Կորեական թերակղզու խնդրում՝ որպես Հարավային և Հյուսիսային Կորեաների հարևան և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ: Սի Ծինփինը հայտարարել է, որ Հարավային Կորեայի և Չինաստանի շահերն այդ ոլորտում համընկնում են, և երկու երկրները պետք է պաշտպանեն խաղաղությունը տարածաշրջանում, ինչպես նաև հույս է հայտնել, որ Սեուլը զարգացնելու է միջկորեական հարաբերությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս