Որոտանում տները կորցրած բնակիչներից միայն մեկն է փոխհատուցում ստացել
2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի բանավոր հրամանով Սյունիքի մարզում բոլոր շահեկան դիրքերը հանձնվեցին թշնամուն, Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներն այնքան առաջ եկան, որ հասան գյուղերին։ Օրինակ՝ Շուռնուխում և Որոտանում որոշ բնակիչների տներ մնացին ադրբեջանցիների հսկողության տակ, ինչի արդյունքում նրանք զրկվեցին իրենց սեփական տներից։ Այսպիսով՝ Որոտանի Այգեգործական ընկերության շենքը մնաց թշնամու հսկողության տակ, իսկ Շուռնուխում՝ 13 տուն։
Թեպետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իրենց բնակավայրերն ու տները հարկադրաբար լքած բնակիչներին կապահովեն տներով, բայց երկու տարի անց այդ բնակիչների մեծ մասը բնակվում է կամ բարեկամների տանը, կամ վարձով։
168.am-ի հետ զրույցում Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջանյանն ասաց, որ բնակիչներից մեկին՝ Սեյրան Օհանջանյանին, 25 մլն դրամ փոխհատուցում են տվել, իսկ մնացածների բնակարանների հարցերի լուծումն ընթացքի մեջ է։
«Մյուս բնակիչների տները դեռևս մնում են թշնամու հսկողության տակ կամ նրանց դիրքերին շատ մոտ։ Այդ բնակիչներին դեռևս որևէ պատասխան չեն տվել, փոխհատուցում չեն տվել, աշխատանքները երևի ընթացքի մեջ են»,- նշեց Սուրեն Օհանջանյանը։
Ինչ վերաբերում է Որոտանի անվտանգային ընդհանուր իրավիճակին, Սուրեն Օհանջանյանը փոխանցեց, որ այս պահին նորմալ է, սեպտեմբերի 13-ի հարձակման ժամանակ էլ գյուղի վրա կրակոցներ չեն եղել, գյուղը վնասներ չի կրել։
Հիշեցնենք՝ 2021 թվականի մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ էր եկել, մինչ օրս նրանք Հայաստանի Հանրապետություն ներխուժելուց հետո նույն հատվածներում պահպանում են իրենց դիրքերը և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել՝ առաջ գնալ, քանի որ համարում են, որ «այդ տարածքներն ադրբեջանական են»։
Ի դեպ, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հենց առաջին կետում հստակ նշված է՝ «Կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում», սակայն անհասկանալի պայմաններում թշնամին մինչև օրս խորանում է ՀՀ տարածք։