Բաժիններ՝

ՃՇՀԱՀ ներկայացուցիչներն օդում ջրային գոլորշիների հեռացման էներգախնայող նոր սարք են նախագծել

Եվրասիական արտոնագրային գերատեսչության կողմից հայտարարված երիտասարդական Եվրասիական արտոնագրային ունիվերսիադայի «Հայացք դեպի ապագա» մրցույթում 18-ից 25 տարիքային կատեգորիայի «Խելացի իրեր խելացի տներում. ժամանակակից տեխնոլոգիաները կենցաղում» անվանակարգում երկրորդ տեղն են զբաղեցրել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ներկայացուցիչները:

ՃՇՀԱՀ-ի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Լուսինե Երիցյանը, ջերմագազամատակարարման ամբիոնի դոցենտներ Նաիրա Էգնատոսյանը և Սիրանուշ Էգնատոսյանը երկրորդ պատվավոր տեղը զբաղեցրել են «նոր կառուցվածքի օդի չորացուցիչ» տեխնոլոգիայի մշակման համար:

Նաիրա Էգնատոսյանը նշեց, որ մշակել են սարք, որը նախատեսված է օդում ջրային գոլորշիների հեռացման, չորացման համար: Սարքի միջոցով, խուսափելով խոնավ պայմաններից, բնակարանում հնարավոր կլինի կոմֆորտ միկրոկլիմա ստեղծել:

«Օդի չորացումը կատարվում է առանց լրացուցիչ էներգածախսի: Արդեն գոյություն ունեցող չորացման սարքավորումները մեծ էներգիա են ծախսում, որն օգտագործելով՝ սառեցնում ենք բնակարանում եղած օդը. հետագայում պետք է լրացուցիչ էներգիա ծախսենք օդը կրկին տաքացնելու համար: Նոր սարքավորումը հնարավորություն է տալիս խուսափել այս խնդրից: Սարքը մի մակերևույթի միջոցով օդը կարողանում է խտացնել, որի արդյունքում օդից հեռանում են ջրային գոլորշիները, իսկ սառած օդը, մյուս մակերեսով անցելով, տաքանում է և սենյակ մտնում»,- նշեց Էգնատոսյանը:

Ունիվերսիադան անցկացվել է ստեղծագործական աշխատանքների (գիտատեխնիկական ստեղծագործական նախագծերի) և ստեղծագործական նախագծերի (արդյունաբերական դիզայնի ոլորտում օրիգինալ լուծումներ բացահայտող նախագծեր) ուղղվածությամբ երկու տարիքային կատեգորիաներով՝ 10-ից 17 տարեկան և 18-ից 25 տարեկան:

ՃՇՀԱՀ-ի քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի դեկան Վալերիկ Հարութունյանը նշեց, որ համալսարանը մեծ ուշադրություն է դարձնում նմանօրինակ մրցույթներին:

«Ամեն տարի կրթական ծրագրերը պարտադիր փոփոխության են ենթարկվում, համապատասխանեցվում են միջազգային չափորոշիչներին: Այդ նպատակին հասնելու համար ունենք համապատասխան կադրեր, համապատասխան դասախոսական կազմ: Ուսանող-ուսուցում արտադրության միջև կապ ենք ստեղծել, որը իր դրական արդյունքն է թողնում մեզ վրա»,- եզրափակեց նա:

«Հայացք դեպի ապագա» ունիվերսիադան, որին մասնակցել են Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի անդամ բոլոր ութ երկրների (Թուրքմենստան, Բելառուս, Տաջիկստան, Ռուսաստան, Ղազախստան, Ադրբեջան, Ղրղզստան, Հայաստան) ավելի քան 120 երիտասարդ գյուտարարներ, ներկայացվել է 53 նախագիծ։ Բոլոր նմուշները դիտարկվել են որպես իրական արտոնագրային հայտեր: Յուրաքանչյուր անվանակարգում ժյուրին որոշել է հաղթողներին, մրցանակակիրներին և դիպլոմակիրներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս