Բաժիններ՝

Վախենա՞լ, թե՞ երկյուղել Աստծուց

Աստվածաշնչում շատ ենք հանդիպում «մի՛ վախեցիր» արտահայտությանը։ Սա հենց այնպես ասված խոսք չի, այն աստվածային պատգամ է՝ բոլորիս ուղղված: Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, Հարությունից հետո Իր աշակերտներին ասաց. «Խաղաղություն ձեզ, Ես եմ, մի վախեցեք»: Քրիստոնեական հավատքի մեջ վախի զգացում չկա, որովհետև այն հիմնված է սիրո վրա, որը հեռու է վանում վախը:

Աստվածաշնչում վախի տարբեր դրսևորումների սահմանումներից բացի, հանդիպում ենք նաև «երկյուղ» տերմինի կիրառության: Եվ այստեղ առաջ է գալիս վախի ու երկյուղի սահմանազատման ու բացատրության անհրաժեշտություն:

Վախը և երկյուղն ունեն իմաստային տարբերություններ: Աստծու հանդեպ երկյուղը որևէ կերպ չի ասոցացվում մեզ հայտնի վախի հետ․ «Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, որ բարի հանճար է բոլոր նրանց համար, ովքեր առաջնորդվում են նրանով» (Առակներ 1:7):

Իսկ վախը հիմանակնում առաջանում է այն ժամանակ, երբ մարդը զգում է, որ իրեն վտանգ է սպառնում, այստեղ սկսում է աշխատել ինքնապաշտպանական ռեակցիան: Կրոնական իմաստով երկյուղը սոսկ վախ չէ, այլ այն իր մեջ պարունակում է Աստծու նկատմամբ խորին պատկառանք, կատարյալ վստահություն և անմնացորդ նվիրում: Վախը մարդկային է, երկյուղը՝ աստվածային, հետևաբար Աստծուց պետք է ոչ թե վախենալ, այլ երկյուղել: Ըստ այդմ էլ՝ պետք չէ երեխային դեռևս փոքր տարիքից վախեցնել «Աստված պապիկով» ասել, որ Նա կպատժի քեզ, եթե այսինչ բանը չանես և նույն կերպ էլ պետք չէ դժոխք ընկնելու մտքից վախեցած՝ հավատալ Աստծուն, մկրտվել և ապաշխարել, այլ պետք է մեր խոսքերի ու արարքների հիմքում լինեն միայն Աստծու հանդեպ սերը, հավատն ու երկյուղը:

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս