Դիմադրության շարժումը ցույց տվեց՝ ընդդիմությունն ունի կայուն զանգված, որը պատրաստ է փողոցում լինի, Նիկոլ Փաշինյանը չունի այդ զանգվածը. Քաղտեխնոլոգ

Նիկոլ Փաշինյանը գործադիր նիստում երկու օր անց արձագանքեց Իլհամ Ալիևի՝ Շուշիի հայտարարություններին՝ արձանագրելով, որ Ադրբեջանի նախագահը չի պահում պայմանավորվածությունները.

«Ադրբեջանի նախագահն ինքն է խախտում 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված հայտարարությունը և դրժում ձեռք բերված պայմանավորվածությունը, համաձայն որի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է ընթանա սահմանային անվտանգության ապահովման պայմաններում և բացառի ցանկացած էսկալացիա:

Ադրբեջանի նախագահն ինքն է դրժել 2021 թվականի դեկտեմբերին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունը, համաձայն որի՝ ամենավտանգավոր հատվածներում պետք է իրականացվեր զորքերի հայելային հետքաշում․․․»:

Ի դեպ, Բաքվի բռնապետը Շուշիում ՀՀ-ին ուղղված իր սպառնալիքներից զատ՝ նաև ակնարկներ էր հնչեցրել տարածաշրջանային գործընթացների այլ դերակատարների ուղղությամբ:

«Հայաստանը պետք է իմանա, որ ոչ թե Հայաստանի ինչ-որ հովանավորի հայտարարությունն է մեզ պահում ներկայիս շրջանակներում, այլ մեր քաղաքականությունը»,- ասել էր նա:

Հատկանշական է, սակայն, որ այս ամենից հետո Նիկոլ Փաշինյանը նորից անում է «դարձ ի շրջանս յուր»՝ հայտարարելով. «Մենք մեզնից կախված ամեն ջանք կգործադրենք՝ Հայաստան-Ադրբեջան սահմանների դելիմիտացիան հնարավորինս արագ ավարտին հասցնելու, տարածաշրջանային բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, օր առաջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար, որովհետև մենք իրապես և անկեղծ նվիրված ենք խաղաղության օրակարգին:

Բայց եթե որևէ մեկը մտածում է, թե խաղաղության օրակարգը Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի հայության «խաղաղ ոչնչացումն» է, չարաչար սխալվում է, չարաչար սխալվում: Խաղաղության օրակարգը Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի խաղաղ զարգացումը և համակեցությունն է, ու մենք հասնելու ենք մեր նպատակին»:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով «խաղաղության պայմանագրի» հեռանկարներին և տարբեր կողմերից հնչող հայտարարություններին՝ շեշտեց. «Որևէ փաստաթուղթ, անգամ ստորագրվելու դեպքում, եթե չունի երաշխավորներ՝ անկախ նրանցից՝ դա կոչվում է Վաշինգտոնյան թե Սոչիի, չի աշխատելու: Եթե այժմ գործընթացը մեկնարկի այն ժամանակացույցով, որի մասին նշվում է, այսինքն՝ մինչև տարվա վերջ ինչ-որ բան ստորագրվի, ապա դժվար է պատկերացնել, թե առանց գետնի վրա իրական ռեսուրս ունեցող ՌԴ-ի և Իրանի համաձայնության և երաշխավորության՝ այդ փաստաթուղթը կաշխատի: Պարզ է, որ այն զուտ տեսական փաստաթուղթ է լինելու՝ ինչպես Ուկրաինայում ժամանակին ստորագրել էին Մինսկի համաձայնագրեր: Վերջինս այնտեղ, միևնույն է, չբերեց խաղաղություն, որովհետև այդ փաստաթղթի դրույթներն ուղղակի չկատարվեցին:

Նույնն այստեղ է լինելու. ռեգիոնալ և գեոքաղաքական ուժերը, եթե համաձայն չլինեն երաշխավոր լինելու (մանավանդ այն ուժերը, որոնք տեղում ունեն Զինված ուժեր, ինչպես ՌԴ-ն՝ Հայաստանում և Արցախում, և կամ Իրանը, որը հայտարարում է, թե իր համար անընդունելի են սահմանային փոփոխություններ, տեղաշարժեր), փաստաթուղթը չի գործի:

Այս պատճառով է նաև, որ այսօր հնչում են ուղղակի սպառնալիքներ. օրինակ, նոյեմբերի 8-ն Ալիևի կողմից արվեց հայտարարություն, ինչն ուղղված էր նաև Իրանին և Ռուսաստանին, որոնք, Ադրբեջանի կարծիքով՝ չեն ուզում երաշխավոր լինել Վաշինգտոնյան համաձայնագրին և կարող են խոչընդոտել այդ փաստաթղթի ստորագրմանը, որը հիմնականում բխում է Ադրբեջանի շահերից»:

Վիգեն Հակոբյանի գնահատմամբ՝ առհասարակ, ցանկացած փաստաթուղթ, որը կստորագրվի, մեռելածին է լինելու, քանի որ դրա ստորագրումը մեր տարածաշրջանում վերածվել է երկու մրցակից բևեռների միջև պայքարի:

Քաղտեխնոլոգը խոսեց նաև առկա իրավիճակի ներքաղաքական լուծումների մասին: Այս համատեքստում անդրադառնալով վերջին հանրահավաքին և մեր հարցադրմանը՝ արդյո՞ք մասնակիցների սպասվածից նվազ թիվը վկայում է, որ հանրությունը հոգնել է ելույթներից և քայլերթերից, նա պատասխանեց, որ ինչպես ընդդիմության ևրևանյան հավաքը, այնպես էլ՝ Արցախի հավաքը, որը գաղափարապես փոխկապակցված էր, միջազգային հանրությանն ուղղված մեսիջների տեսանկյունից իր նպատակին ծառայել է:

Երևանյան հավաքի մասնակիցների թվի մասին մեր դիտարկումներին ի պատասխան՝ Վիգեն Հակոբյանը նկատեց. «Մարդիկ արմատական լուծումների են սպասում. եթե ընդդիմադիր զանգված է, ապա մի խնդիր է ուզում լուծել՝ ինչպես հասնել իշխանափոխության: Այսինքն՝ այլևս չի ապավինում քաղաքագիտական կամ երբեմն տնտեսագիտական խորը և որակյալ վերլուծություններ լսելու մեթոդոլոգիային»:

Մեր զրուցակցի կարծիքով՝ «Դիմադրության» շարժումը պետք է որոշակի եզրակացություններ անի 44-օրյա գործընթացի փաստացի անհաջողությունից հետո:

«Այսինքն՝ եթե այս սխեմայով ես փորձում իշխանափոխություն անել, շատ դրվագներով կրկնելով «թավշյա հեղափոխության» տեխնոլոգիաները, ապա առնվազն քո բազային պայմաններում որոշակի ընդհանրություններ պետք է լինեն։ – հավելեց նա՝ մանրամասնելով,- «Թավշյա հեղափոխություն» իրականացնելու ունիվերսալ նախապայմաններից մեկը միշտ լինում է իշխանության մեջ ինչ-որ թույլ օղակներ ներգրավելը: Դրանք կա՛մ ի սկզբանե են լինում՝ ինչ-ինչ կուլիսային պայմանավորվածությունների արդյունքում, կա՛մ թուլացած են լինում որոշակի զանգվածային ակցիաներից հետո, կամ պետք է լինի որոշակի աշխարհաքաղաքական աջակցություն, որը թույլ չի տա գործող իշխանությանը բռնություն կիրառել քո նկատմամբ, ինչպես եղավ 2018-ին:

2018-ին այդ երկու բազիսային պայմանները կային. և՛ ներքին անհամաձայնություններ իշխանության մեջ, և՛ արտաքին:

Դիմադրության շարժման պարագայում՝ աշխարհաքաղաքական կոնսենսուսը Նիկոլ Փաշինյանի իշխանության շուրջ էր, քանի որ Փաշինյանը գործ ուներ անելու և շարունակում է դեռ ունենալ՝ ի շահ աշխարհաքաղաքական մի շարք կենտրոնների, և իշխանության մեջ էլ ակնհայտորեն չկային այն օղակները, որոնք փողոց դուրս գալիս ուղղակիորեն կանցնեին քո կողմը»:

Քաղտեխնոլոգի գնահատմամբ՝ ընդդիմությունը պետք է աշխատի ինչպես դրսի հետ («մանավանդ հիմա, երբ Փաշինյանի դեպքում աշխարհաքաղաքական կոնսենսուսը այլևս հստակ չէ, որովհետև ինքը որևէ մեկին պետք է գցի՝ հաշվի առնելով շահերի առումով իրար հակասող փաստաթղթերը»), և՛ ներսի հետ՝ փորձելով իշխանության մեջ գտնել այն օղակները, որոնց համար նույնպես արդեն անտանելի է այս վիճակը:

Նա նաև նշեց, որ ընդդիմությունը պետք է վերանայի իր պատկերացումները կրիտիկական զանգվածի վերաբերյալ. «Արդյոք իրենք շարունակում են մտածել, որ ՀՀ-ում կրիտիկական զանգվածը 150-200 հազա՞րն է, թե՞ մտածում են, որ կարող ես ունենալ 20-30 հազար հոգանոց զանգված, որոնք ակտիվ են, նվիրված են իդեային և կարող են հարցեր լուծել:

Կարծում եմ՝ դիմադրության 44-օրյա շարժումը ցույց տվեց՝ ընդդիմությունն ունի որոշակի կայուն զանգված, որը պատրաստ է փողոցում լինել, եթե իրեն հստակ ասում են՝ երբ և ինչի համար պետք է դուրս գա փողոց, և պրակտիկան ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը դա չունի:

Իսկ ցանկացած զանգված, որն ակտիվ է, չեղածի համեմատ՝ կրիտիկական զանգված է, առավել ևս՝ եթե նրանք տասնյակ հազարներ են»:

Տեսանյութեր

Լրահոս