Հայաստանում ԵՄ-ի և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության աջակցությամբ կհիմնվի տրամաչափարկման 4 լաբորատորիա

Հայաստանում Եվրամիության և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) ջանքերով կիրականացվի 4 մլն եվրո արժողությամբ ծրագիր: Նոյեմբերի 10-ին Երևանում տրվեց ՄԱԱԶԿ-ի և ՀՀ կառավարության համատեղ ջանքերով մշակած և ԵՄ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում որակի ենթակառուցվածքների զարգացմանը» ծրագրի մեկնարկը:

«ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) և ԵՄ-ի հետ մենք որակի ենթակառուցվածքների զարգացման նոր ծրագիր ենք սկսում: Ընդհանուր գումարը մոտ 4 մլն եվրոյի չափով է, որի ներքո կարողությունների զարգացում և 4 նոր լաբորատորիաների հիմնում է նախատեսվում: Դրանք պետք է օգնեն լրացնել չափագիտական լաբորատորիաների ծառայությունների մեր բացերը: Եվ կարողանանք այնպես անել, որ մեր որակի ենթակառուցվածքը կարողանա մատուցել ավելի ամբողջական ծառայություններ արտադրողներին՝ իրենց արտադրանքը թե Հայաստանում, թե դրսում, հիմնականում եվրոպական շուկաներում վաճառելու հնարավորություն ստանալու համար»,-ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Ըստ Քերոբյանի՝ որոշ օրենքներ լավ չեն գործում, օրինակ, պետք է ստանալ սերտֆիկատ, բայց հնարավոր է առանց այդ սերտիֆիկատը ստանալու շուկայահանել ապրանքը: Դրա համար տուգանքը չնչին է, ինչը հանգեցնում է նրան, որ ընկերությունների մեծ մասը ձեռք չեն բերում այն լաբորատոր ծառայությունները, որոնք անհրաժեշտ են և օրենքով պահանջված՝ մինչև անհրաժեշտ շուկայահանում անելը: Այդ ծառայությունների ձեռք չբերումն էլ հանգեցնում է նրան, որ լաբորատոր ծառայությունների մատուցման բիզնեսը դառնում է ոչ այնքան եկամտաբեր: Եվ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության գործընկերները մատնանշել են Հայաստանում այդ խնդրի մասին: Քերոբյանի խոսքով՝ այդ առումով կառավարությունը հիմա ավելի համաչափ է դարձնում պատժիչ մեխանիզմները:

«Ծրագրի արդյունքում շահագրգիռ կողմերին կտրամադրվեն կայուն և միջազգայնորեն ճանաչված չափագիտական ծառայություններ, ինչն էլ իր հերթին կնպաստի, որ Հայաստանում բարելավվի արտադրված ապրանքների որակը, ապահովվի Հայաստանում կատարված չափումների, փորձարկումների միջազգային ճանաչումը՝ նախադրյալներ ստեղծելով մարդկանց կյանքի որակի բարձրացման, ԵՄ-ի և այլ երկրների հետ առևտրի ընդլայնման համար»,-ասաց նախարարը:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը հույս հայտնեց, որ Հայաստանից արտահանվող ապրանքները կկարողանան բարելավել իրենց մրցակցային դիրքերը արտասահմանյան և հատկապես ԵՄ շուկայում: «Հայաստանի արտահանման մի մեծ մասնաբաժին գնում է ԵՄ անդամ 27 պետություններ: Դրա համար մենք բոլոր գործընկերների հետ աշխատում ենք՝ Հայաստանից ԵՄ արտահանման համար: Դա ավելի կզարգացնի սոցիալ-տնտեսական կապերը, կօգնի, որ հայաստանյան ՓՄՁ-ները մասնակցություն ունենան միջազգային առևտրում»,-ասաց Անդրեա Վիկտորինը՝ հավելելով, որ ԵՄ-ն հանձնառու են մնում՝ աջակցելու Հայաստանին՝ արդյունավետորեն իրականացնելու Համապարփակ և ընդլայնված գործունեության համաձայնագրով ստանձնած պարտավորությունները:

Հայաստանում ՄԱԱԶԿ ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանն էլ հույս հայտնեց, որ ծրագիրն իսկապես ազդեցություն կունենա տնտեսության, ՓՄՁ-ների վրա: «Որպեսզի երկրի, մասնավորի ջանքերը իզուր չլինեն, կարևոր է վստահությունը, պետք է վստահ լինեն, որ կարող են արտադրել որակով, արտահանել և լինել մրցակցային: Իսկ դրա ճանապարհի քայլերն արդեն արված են»,-նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս