Վկան վերջապես ներկայացել էր, բայց հիմա էլ լսողական սարքի խնդիրն առաջ բերեց. «Դիզելի գործով» փակուղի մտած դատական նիստը կրկին հետաձգվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր ընթանում է դիզվառելիքի գործով հերթական նիստը:

Նախորդ դատական նիստերը հետաձգվել էին, քանի որ գործով վկաները կրկին չէին ներկայացել դատարան: Նրանցից մեկին ոստիկանությունը պետք է դատարանի որոշմամբ բերման ենթարկեր նիստին, սակայն փաստացի դատարանի որոշումը չէր կատարվել:

Ընդ որում, առանցքային վկա Սևան Քոչարյանի հարցաքննությունն ընդհատված է, և հիմա փաստացի հնարավոր չի լինում շարունակել նրա հարցաքննությունը: Հենց Սևան Քոչարյանն է Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տված անձը: Թե ինչո՞ւ Սևան Քոչարյանը չի ներկայանում դատական նիստերին, և ինչո՞ւ ոստիկանությունը չի կարողանում ապահովել վկայի ներկայությունը դատական նիստին, մնում է միայն կռահել: Վերջին անգամ Սևան Քոչարյանն իր բնակարան այցելած ոստիկանության աշխատակիցներին ասել էր, որ հիվանդ է կորոնավիրուսով:

Այսօրվա դատական նիստին ևս ներկա էր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ իր փաստաբանների հետ միասին: Դահլիճում էին 3-րդ նախագահի բազմաթիվ աջակիցներ ու կուսակիցներ:

Կարդացեք նաև

Վկա Սևան Քոչարյանն այսօր վերջապես ներկայացել էր դատական նիստին, սակայն վերջինս հայտարարեց, որ իր լսողական սարքի հետ կապված խնդիրը չի լուծվել, մինչդեռ, ինչպես դատավոր Միսակյանը նկատեց՝ դեռևս մի քանի ամիս առաջ վկան դատարանում հայտարարել էր, որ ընդամենը մի քանի օրվա հարց է լսողական սարքի խնդրի լուծումը:

Ակնհայտ է, որ վկան ոչ մի կերպ չի ցանկանում շարունակել հարցաքննվել իր ցուցմունքի շրջանակում:

«Ես առաջին անգամ եմ լսում, որ կարող է նման խնդիր լինել»,- տարակուսեց դատավոր Վահե Միսակյանը՝ արձագանքելով վկայի փաստաբանի դիտարկմանը, թե արձագանքի խնդիր կա:

Ի վերջո, որոշվեց, որ հարցերը կհնչեցվեն, և եթե վկա Սևան Քոչարյանը չի լսի, նրա փաստաբանը հարցը կկրկնի իր պաշտպանյալի համար:

Դատավորը, այնուամենայնիվ, պնդեց՝ կա՞ն արդյոք բժշկական փաստաթղթեր, որոնք կվկայեն, որ վկան լսողական խնդիրներ ունի, և ի՞նչ աստիճանի են դրանք: Վկան պատասխանեց՝ կան:

Հաջորդիվ դատավորը հարցրեց՝ ինչո՞ւ վկան համառորեն չէր ներկայանում դատարան: Սևան Քոչարյանը պատասխանեց՝ խնդիր չկա, ինքը չի ծանուցվել: Դատախազն առարկեց ու վկային բավականին հանգամանորեն բացատրեց ու տեղեկացրեց՝ վկան պատշաճ ծանուցվել է:

Դատավորը վկայից պահանջեց պատասխանել դատախազի հարցադրմանը:

«Եղե՞լ են պատճառներ կամ խոչընդոտներ, որոնց պատճառով Դուք ծանուցագրերը չեք ստացել: Դրանք հետ են վերադարձվել: Ինչո՞ւ հետամուտ չեք եղել՝ ստանաք Ձեր ծանուցագրերը»,- ասաց դատավոր Միսակյանը՝ պնդելով՝ վկան ունի կարգավիճակ ու պարտավոր է ներկայանալ դատական նիստերին:

Մյուս վկան նիստին չէր ներկայացել, սակայն ներկայացրել էր բժշկական տեղեկանք. Հիվանդ է:

Դատական նիստը, վկայի բացակայությամբ պայմանավորված, հետաձգվեց:

Հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 24-ին՝ ժամը 14:00-ին:

Հիշեցնենք, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել հին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489 միլիոն 160 հազար ՀՀ դրամի հափշտակության կատարումը:

Հատուկ քննչական ծառայության կարծիքով՝ Սերժ Սարգսյանը հանձնարարել է իրենից փաստացի ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար անձանց՝ անկախ ստացված էժան գնային առաջարկներից, որպես պետական մարմնի վառելիքի մատակարար՝ ընտրել «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը և մատակարարման պայմանագիրը կնքել այդ ընկերության հետ:

Ըստ մեղադրանքի՝ արդյունքում` հիշյալ ծրագրի իրականացման ընթացքում, 2013 թվականի փետրվարի 14-ից մինչև հունիսի 28-ն ընկած ժամանակահատվածում իրացվել է 12 մլն 88 հազար 334 լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը  կազմել է 1 մլրդ 269 մլն 275 հազար ՀՀ դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ՍՊ ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 846 մլն 183 հազար ՀՀ դրամ, այսինքն՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է 423 մլն 91 հազար ՀՀ դրամ ավելի վճարված գումարը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս