Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց. հայտնի վկան հիմա էլ հիվանդ է կորոնավիրուսով
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր ընթանում է դիզվառելիքի գործով հերթական նիստը:
Նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ գործով վկաները կրկին չէին ներկայացել դատարան: Նրանցից մեկին ոստիկանությունը պետք է դատարանի որոշմամբ բերման ենթարկեր նիստին, սակայն փաստացի դատարանի որոշումը չէր կատարվել: Դատավորը հայտարարեց, որ կրկին կդիմեն ոստիկանություն՝ վկա Սևան Քոչարյանին հաջորդ նիստին բերման ենթարկելու համար: Մյուս վկան դատարանին տեղեկացրել էր, որ անձնական պատճառներով բացակայում է երկրից և չի կարող ներկա գտնվել նիստին:
Ընդ որում, Սևան Քոչարյանի հարցաքննությունն ընդհատված է, և հիմա փաստացի հնարավոր չի լինում շարունակել նրա հարցաքննությունը: Ուշագրավ է, որ վկա Սևան Քոչարյանը Հայաստանում է, բայց նրա ներկայությունը ոչ մի կերպ չի ապահովվում դատական նիստին:
Թե ինչո՞ւ Սևան Քոչարյանը չի ներկայանում դատական նիստերին, և ինչո՞ւ ոստիկանությունը չի կարողանում ապահովել վկայի ներկայությունը դատական նիստին, մնում է միայն կռահել: Հիշեցնենք միայն, որ Սևան Քոչարյանն այն վկան է, ով ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ:
Այսօրվա դատական նիստին նույնպես իր պաշտպանական թիմի հետ միասին ներկա էր ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նիստին ներկա չէր վկա Հարությունյանը, որի շահերի ներկայացուցչի խոսքով՝ վերջինս հիվանդ է, ներկայացրել է անաշխատունակության թերթիկ և միջնորդել հետաձգել դատական նիստը:
Մյուս վկան՝ Սևան Քոչարյանը, կրկին չէր ներկայացել նիստին: Դատավորն ընթերցեց Կոտայքի մարզային ոստիկանության աշխատակիցների կազմած արձանագրությունն առ այն, որ նրան բերման ենթարկելու վերաբերյալ որոշումը կատարելու համար այցելել են Սևան Քոչարյանի բնակարան, ով ոստիկաններին տեղեկացրել է, որ հիվանդ է քովիդով, դատարանին էր ներկայացրել քովիդ դրական թեստի արդյունքը:
Դատավոր Վահե Միսակյանն ասաց, որ վկաների բացակայությամբ դատական նիստը շարունակվել չի կարող, հարգելի համարեց նրանց բացակայությունն այսօր և հետաձգեց նիստը:
Դատական հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ին:
Մանրամասները՝ տեսանյութում