Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց. ոստիկանությունը չի կարողանում ապահովել վկա Սևան Քոչարյանի ներկայությունը, ում ցուցմունքով հարուցվել է գործը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, ընթանում է դիզվառելիքի գործով հերթական նիստը:
Նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ գործով վկաները կրկին չէին ներկայացել դատարան: Նրանցից մեկին ոստիկանությունը պետք է դատարանի որոշմամբ բերման ենթարկեր նիստին, սակայն փաստացի դատարանի որոշումը չէր կատարվել: Դատավորը հայտարարեց, որ կրկին կդիմեն ոստիկանություն՝ վկա Սևան Քոչարյանին հաջորդ նիստին բերման ենթարկելու համար: Մյուս վկան դատարանին տեղեկացրել էր, որ անձնական պատճառներով բացակայում է երկրից և չի կարող ներկա գտնվել նիստին:
Դատարանը հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռ չեն հարցաքննվել արդեն հրավիրված վկաները, նպատակահարմար չգտավ հրավիրել 3-րդ վկային:
Հիշեցնենք, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել հին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489 միլիոն 160 հազար ՀՀ դրամի հափշտակության կատարումը:
Հատուկ քննչական ծառայության կարծիքով՝ Սերժ Սարգսյանը հանձնարարել է իրենից փաստացի ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար անձանց՝ անկախ ստացված էժան գնային առաջարկներից, որպես պետական մարմնի վառելիքի մատակարար ընտրել «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը և մատակարարման պայմանագիրը կնքել այդ ընկերության հետ:
Ըստ մեղադրանքի՝ արդյունքում` հիշյալ ծրագրի իրականացման ընթացքում, 2013 թվականի փետրվարի 14-ից մինչև հունիսի 28-ն ընկած ժամանակահատվածում իրացվել է 12 մլն 88 հազար 334 լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը կազմել է 1 մլրդ 269 մլն 275 հազար ՀՀ դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ՍՊ ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 846 մլն 183 հազար ՀՀ դրամ, այսինքն՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է 423 մլն 91 հազար ՀՀ դրամ ավելի վճարված գումարը:
Այսօրվա դատական նիստին ևս Սերժ Սարգսյանն իր պաշտպանական թիմի հետ միասին ներկա էր: Վկաներից Սևան Քոչարյանը կրկին ներկա չէր, այսինքն՝ ոստիկանությունը չէր ապահովել նրա ներկայությունը, մյուս վկան՝ Եղիշե Վարդանյանը, ներկա էր:
Ընդ որում, Սևան Քոչարյանի հարցաքննությունն ընդհատված է, և հիմա փաստացի հնարավոր չի լինում շարունակել նրա հարցաքննությունը:
Դատավոր Միսակյանը կողմերի հետ քննարկեց՝ լսել վկա Վարդանյանին, հետո՝ Քոչարյանի՞ն, թե՞ հետաձգել դատը, ապահովել Սևան Քոչարյանի ներկայությունը, ապա նոր հարցաքննել երկու վկաներին:
Վկաներին լսելուց հետո դատավոր Վահե Միսակյանն ասաց, որ դատարանի դիրքորոշումը մնում է նույնը. պետք է ապահովվի վկա Քոչարյանի ներկայությունը: Կրկին ոստիկանությանը հանձնարարվեց ապահովել նրա ներկայությունը: Ուշագրավ է, որ վկա Սևան Քոչարյանը Հայաստանում է, բայց նրա ներկայությունը ոչ մի կերպ չի ապահովվում դատական նիստին:
Դատական նիստն ընդհատվեց: Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14:30-ին:
Մանրամասները՝ տեսանյութում