Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ՍՊԸ-ներից մեկը հերթական արտոնությունը ստացավ․ 36 հարցից որևէ մեկը չզեկուցվեց

Կառավարության հերթական նիստի օրակարգում ընդգրկված 36 հարցերից որևէ մեկը զեկուցվող չէր: Չզեկուցվող հարցերից 6-ն Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ներկայացրած նախագծերն էին 6 ընկերությունների մաքսատուրքերից ազատման արտոնության վերաբերյալ:

Այսպիսով, նախարարի առաջարկով մաքսատուրքից ազատվեցին «Քանաքեռի կարի ֆաբրիկա», «Դրիմի դոմս» ՍՊԸ-ները, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը, «Բարսիս»,  «Բեստպակ», «Ալեքս սոկս»» ՍՊԸ-ները:

Ի դեպ, 2021 թվականին հիմնադրված «Ալեքս սոկս» ՍՊ ընկերությունը պատկանում է Սամվել Ալեքսանյանի (հանրությանը հայտնի՝ «Լֆիկ» մականունով) ընտանիքին: Այս ընկերության մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 128 մլն դրամ:

Ըստ նախագծի հիմնավորման՝ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել զուգագուլպաների արտադրության համար.  «Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2․5 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար և 1․25 մլրդ դրամի ներդրում նոր սարքավորումների ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 90 նոր աշխատատեղ՝ մինչև 215 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2․5 մլրդ դրամ»։

Հիշեցնենք, որ Ալեքսանյանների ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերությունը մի քանի անգամ արդեն հասցրել է օգտվել Կառավարության արտոնություններից:

Տեսանյութեր

Լրահոս