Բաժիններ՝

Ո՞վ կմնա ինձ հետ մինչև վերջ

«Աստված հավատարիմ է» (Ա Կորնթ․ 10։13)

Մեր կյանքում ընկերներ ու բարեկամներ ընտրելիս՝ հաճախ ենք ինքներս մեզ հարցնում՝ արդյոք նա, ով խոստումներ է տալիս հավերժ մեր կողքին լինելու, կմնա՞ մեզ հետ մինչև վերջ։

Հաճախ պատահում է նաև այնպես, որ այն մարդիկ, որոնց հետ մեծ հույսեր ենք կապել, որոնք մեզանից անբաժան էին թվում, թողնում են մեզ՝ անհասկանալի կամ գուցե նաև հասկանալի և հայտնի հանգամանքներում, և հեռանում։ Մարդկանցից բաժանումը ևս մեկ առիթ է դառնում մեզ համար՝ խորհելու՝ ո՞վ կմնա մեզ հետ մինչև վերջ։

Մենք քաջ գիտակցում ենք՝ ոչ ոք պարտավոր չէ մեզ հետ մինչև վերջ մնալու։ Իսկապես, ո՞վ կարող է ստիպել մյուսին այդ հարցում։ Սակայն միաժամանակ նաև մեղավոր չենք, որ հավատացել ենք մեզ տրված խոստումներին, թե «միշտ քեզ հետ կլինեմ»։ Նման պահերին պարզապես պիտի ընդունենք, որ լիարժեքորեն հավատալով այդ խոսքերին և սիրելով ու նվիրվելով մարդկանց՝ մի պահ մոռացել ենք՝ միայն Մեկը կարող է տալ հավերժ հավատարմության խոստում։

Կարդացեք նաև

Առաքյալը Կորնթացիներին ուղղված իր նամակում գրում է․ «Աստված հավատարիմ է» (Ա Կորնթ․ 10։13)։ Երբ մենք ստանում ենք հարվածներ տարբեր մարդկանց կողմից՝ անհավատարմության տեսքով, հասկանում ենք և ևս մեկ անգամ վստահ համոզվում՝ մեզ չի դավաճանում միայն Աստված։

Սա, սակայն, չի նշանակում, որ մարդկանց վստահել պետք չէ և շարունակ պետք է ապրել դավաճանվելու վախով։ Բնավ։ Չէ՞ որ գիտենք՝ Քրիստոսի հանդեպ հավատքով վերանում են բոլոր վախերը։ Սուրբ Գրքում էլ ասված է․ «Թող օրհնյալ լինի այն մարդը, որ հույսը Տիրոջ վրա կդնի, որ Տերը նրա հույսը կդառնա» (Երեմ. 18:7)։ Ուրեմն՝ պետք է Տիրոջն ապավինելով ապրել մեր կյանքը մեր մտերիմների հետ՝ փորձելով հավատարիմ լինել նրանց։

Նմանվե՛նք Տիրոջը՝ ջանալով կրել և մերը դարձնել այդ պարզ թվացող, սակայն բարդագույն հատկությունը՝ հավատարմությունը։ Մեր այս ճանապարհին անվերապահորեն վստահենք Աստծուն՝ Ճշմարտին, Հավատարիմին, Սիրոն։ Այդպես գուցե մի օր իսկապես նմանվենք Նրան՝ դառնալով մեկն, ով իսկապես չի դավաճանում, ով հավատարիմ է։

qahana.am

Տեսանյութեր

Լրահոս