«Ալիևն ասաց՝ հաջորդը Սևանն ա․ ո՛ւժ ա պետք, ո՛ւժ»․ հարցում Երևանում
2020 թվականի նոյեմբերի 9-ի, շատերի բնորոշմամբ՝ կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից անցել է 2 տարի։ Սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի հետևանքով կորսվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 75 տոկոսը, պաշտոնական տվյալներով՝ կա շուրջ 4000 զոհ, տասնյակ-հազարավոր վիրավորներ, անհետ կորածներ, սեփական բնակավայրերից տարհանվածներ ու անօթևան մնացածներ, ինչպես նաև գերեվարվածներ, որոնց մի մասը դեռ չի վերադարձվել:
Արդյոք պատերազմի հետևանքով, ապա նաև հայտարարության արդյունքում, մեր կորուստներից հետո այսօր իշխանությունների անընդհատ կրկնվող խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին խոստումներն իրականացնելուց հետո հարցը վերջնականապես կլուծվի՞, թե՞ նոր հարցեր ու խնդիրներ կառաջացնի:
Այս և այլ հարցերի պատասխանները ստանալու նպատակով 168.am-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներով, զրուցել անցորդների հետ:
«Այսօր մեր ամենացավալի օրերից մեկն է, միայն դա կասեմ, ուրիշ ոչինչ»,- ասաց մեծահասակ մի կին, ապա անդրադարձավ թշնամու հետ հնարավոր խաղաղության հաստատմանը։
«Ես թուրքերին չեմ հավատում, որովհետև ես մեր պատմությունը շատ լավ գիտեմ»։
Հարցվածներից մի տղամարդ էլ ասաց, որ թուրքի հետ խաղաղություն կնքել երբեք չի լինի, բայց այս պահին այլընտրանք չի տեսնում․
«Մենք ուժ չունենք, բանակ չունենք, պարտված ենք, միասնական չենք, կեսն էս կողմ ա ձգում, կեսը՝ էն կողմ, սրիակներն ու դավաճաններն ավելի շատ են։ Դրա համար պետք է ստիպված գլուխներս կախ անենք, մինչև հզորանանք՝ թուրքի հախից գանք»։
Անցորդներից մի կին էլ ասաց, որ քաղաքականության վերաբերյալ հարցերն իրեն շատ քիչ են հետաքրքրում.
«Ես հիմա ուղղակի ինձ համար ապրում եմ, չեմ ուզում ոչ մի բանի մեջ խորանալ։ Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ցավալի փաստ է․․․»։
Դիտարկմանը, որ պատերազմից 2 տարի անց խոսվում է հնարավոր խաղաղության մասին, քաղաքացին այսպես արձագանքեց․
«Ես նման բաների չեմ հավատում, ավելի շատ հավատում եմ տիեզերքի կամքին, քան ցանկացած քաղաքական գործչի ստերին։ Իշխանությունները շահ են հետապնդում հենց իշխանության գալու համար, ուրիշ ոչ մի բան։ Մտքի վրա այնպես են աշխատում, որ մարդիկ զոմբիանան, հեն ա, լիքը զոմբիներ կան։ Դրա համար ես ինձ համար քայլում եմ, հիանում եմ բնությամբ, տերևը, որ ընկնում է՝ դրանով․․․»։
Անցորդներից երիտասարդ մի աղջիկ էլ ասաց, որ ապրում է մի գիտակցումով, որ չսպիացած վերք ունի․
«Այդ չսպիացած վերքը ոչ մի ձև չես կարող ամոքել։ Ես հիմա քայլում եմ, բայց, երբ փողոցում ոտք, ձեռք կորցրած տղա եմ տեսնում, ամաչում եմ քայլեմ իր կողքով, տպավորություն է, որ ինչ-որ մի բան ես չեմ արել»։
Անցորդներից 83-ամյա մի տղամարդ էլ ասաց, որ ինքը դեմ էր կապիտուլյացիային։ Հարցրեցինք՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը կարո՞ղ է խաղաղություն հաստատել, պատասխանը բացասական էր․
«Չէ՛, երբե՛ք չհավատաս։ Ինքս Սումգայիթում էլ եմ ապրել, Բաքվում էլ եմ ապրել, Ղարաբաղում էլ եմ ապրել, թուրքին դավերիա չկա՛։ Թուրքը որ հարսանիք ա անում, անպայման պիտի հայի արյուն լինի․․․ Էս մարդիկ զոմբիացել են, ոչ մեկը չի հասկանում, թե սրանք ի՞նչ են մտածում։
Երեկ Ալիևին լսեցի՞ք, ասաց՝ հաջորդը Սևանն ա։ Ո՛ւժ ա պետք, ո՛ւժ, պետք է հրացանը դեմ անես, ոչ թե ասես՝ լավ, հետ եկեք, հետ եկեք»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում