Այս այլանդակությունը վերջ չի ունենալու, քանի դեռ փողի մարդիկ են երկիրը կառավարում, և հաջորդիվ դրանք են ձգտում իշխանության․ Հովհաննես Ավետիսյան
Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լիբերալ տնտեսական համակարգ (կնշանակի շուկան է որոշում թե ով ինչ չափով բարիք կստանա) ունեցող ԱՄՆ-ը գնաճի դեմ պայքարի մեծ ծրագիր է անում:
Մասնավորապես, փոքր ձեռնարկություններին ազատում է հարկերից, դեղերի և բժշկության ոլորտում տասնյակ ծրագրեր, որ կսահմանափակեն դրանց գների հետագա աճը և մարդկանց համար խնդիրներ չեն առաջացնի (դեղերի համար վճարվող գումարի սահմանաչափի կիրառում, դեղագործության մեջ ներդրումների ֆինանսավորում և այլք), արդյունաբերության մեջ էներգախնայող ներդրումների ֆինանսավորում, էլեկտրական մեքենաների արտադրության ֆինանսավորում (սրանց քանակի ավելացումը շուկայում նշանակում է վառելիքի նկատմամբ պահանջարկի նվազում, հետևաբար գնաճի կայունացում) և այլք: Փաթեթն այնքան հզոր է, որ Եվրոպան բողոքում է, համարելով այն անարդար և վնասող եվրոպական արդյունաբերությանը:
Հայաստանի սահմանադրությունն ասում է, որ մենք սոցիալական շուկայական տնտեսություն ենք, կնշանակի որ շուկան ինքնուրույն չի որոշելու, թե ում ինչ է հասնում, ի տարբերություն ամերիկյան սահմանադրության, որ շուկան է հիմք վերցնում բարիքի բաշխման` ով ինչքան է ստանալու հարցում:
Սրանով հանդերձ հայկական սոցիալական շուկայական տնտեսություն կոչված խայտառակությունը աշխատում է միմիայն հարուստների և օլիգարխների օգտին:
Ի տարբերություն լիբերալ ԱՄՆ-ի սոցիալական Հայաստանում բոլորս, կրկնում եմ բոլորը, ներառյալ աղքատները, վճարում են միևնույն տոկոսով հարկեր ինչ հարուստներն ու օլիգարխները (ԱՄՆ շատ ստացողների համար բարձր տոկոսադրույքներ են կիրառվում, իսկ աղքատները ընդհանրապես եկամտային հարկեր չեն վճարում):
Սոցիալական կոչվող, բայց մարդկանց կեղեքող հայկական տնտեսություն կոչվող խայտառակությունը, և օլիգարխներին ծառայող պետական համակարգը շարունակում է քերթել մարդկանց կաշին, հատկապես չկառավարվող գնաճի միջոցով. Մասնավորապես, դեղեր և լայն սպառման այլ ապրանքներ, հատկապես սնունդ:
Այս խայտառակությունը էլ ավելի է սրվում, դրամի արհեստական արժեվորմամբ, քանի որ Հայաստանը դոլարիզացիայի բարձր մակարդակ ունեցող երկիր է, օրինակ ավանդների շուրջ կեսը դրամով չեն, կնշանակի դրամի այսչափ արժեվորումը արդեն կերել է մարդկանց խնայողությունների ավելի քան 20 տոկոսը: Դա ահռելի մեծ վնասներ է հասցրել նաև տեղեկան արտադրողին և արտահանողին:
Այս կեղեքիչ, անմարդկային համակարգը համարվում է ժողովրդավարական և իբր ծառայում է ժողովրդին: Այս այլանդակությունը վերջ չի ունենալու, քանի դեռ փողի մարդիկ են երկիրը կառավարում, և հաջորդիվ դրանք են ձգտում իշխանության»: