
ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը միջանկյալ ընտրություններում

ԱՄՆ-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է: Առաջին ընտրական տեղամասերը փակվել են Երեւանի ժամանակով 03:00-ին Ինդիանայի եւ Քենտուկիի նահանգների մի շարք ընտրաշրջաններում, իսկ քվեաթերթիկների ընդունումը վերջինը դադարեցրել են Ալյասկայի եւ Հավայիի նահանգների ընտրատեղամասերը։
Կամարտահայտության արդյունքներով կընտրվեն ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները եւ Սենատի մեկ երրորդը: Բացի դրանից, ընտրվում են 36 նահանգների եւ ԱՄՆ-ի երեք անդրծովյան տարածքների նահանգապետերը:
Տեղի վերլուծաբանները չեն բացառում, որ կառավարող Դեմոկրատական կուսակցությունը կարող է ընտրությունների արդյունքներով կորցնել վերահսկողությունը թե՛ Ներկայացուցիչների պալատում, թե՛ Սենատում՝ դիքերը զիջելով հանրապետականներին:
The New York Times թերթի նախնական տվյալների համաձայն՝ հանրապետականներն իրենց համար ապահովում են 168 տեղ Ներկայացուցիչների պալատում, դեմոկրատները՝ 114: Սենատում դեմոկրատներն իրենց համար ապահովել են 45 տեղ, հանրապետականները՝ 46, հաղորդել է ՏԱՍՍ-ը: