Բաժիններ՝

Հայաստանում մեկնարկել է Մեդիագրագիտության շաբաթը

ՀՀ ԿԳՄՍ և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի համատեղ ջանքերով Հայաստանում նոյեմբերի 7-13-ը կանցկացվի Մեդիագրագիտության շաբաթ։

Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակներում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) ներկայացրեց մեդիագրագիտության նոր ռեսուրսները՝ իրենց կողմից մշակած և ԿԳՄՍ կողմից երաշխավորված «Մեդիա iգիտություն» ուսումնական ձեռնարկը:

ՄՆԿ մեդիագրագիտության ծրագրի ղեկավար Լուսինե Գրիգորյանն ասաց, որ ուղեցույցների հիմքում 2021 թվականին ընդունված Հանրակրթության պետական չափորոշիչն ու առարկայական նոր ծրագրերն են:

««Մեդիա iգիտություն» ձեռնարկը 2013 թվականին հրատարակված «Մեդիագրագիտություն» ձեռնարկի տրամաբանական շարունակությունն է և գալիս է օգնելու դասավանդողներին հասկանալ տեղեկատվական դաշտի նոր մարտահրավերները և մեդիագրագիտության հմտությունները փոխանցել սովորողներին: Ձեռնարկի առաջին մասում ներառված են 10 թեմաներով վերլուծական-կրթական նյութեր, իսկ երկրորդ մասում՝ մեգիագրագիտությունը դպրոցական տարբեր առարկաների մեջ ինտեգրելու մեթոդական ուղեցույցներ, որոնք մշակվել են ԿԶՆԱԿ հիմնադրամի հետ համագործակցությամբ»,- ասաց մասնագետը:

Ծրագրի ղեկավար Լուսինե Գրիգորյանն ընդգծեց, որ Մեդիագրագիտության հայաստանյան շաբաթը UNESCO-ի նախաձեռնած Մեդիա և ինֆորմացիոն գրագիտության գլոբալ շաբաթվա շարունակությունն է: «Շաբաթվա ընթացքում Հայաստանի դպրոցներում, բուհերում, գրադարաններում, տարբեր կազմակերպություններում կանցկացվեն դասեր խաղեր, քննարկումներ, հաղորդումներ»,- ասաց նա:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանի խոսքով՝ շատ կարևոր են նման միջոցառումները և առհասարակ մեդիագրագիտությունը մեր իրականության մեջ, քանի որ, լրատվական-տեղեկատվական հոսքերի և սոցիալական հարթակների ակտիվությամբ պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի նախադպրոցական կրթության հասակից սկսած՝ երեխաները կարողանան ինֆորմացիան ճիշտ վերլուծել և կողմնորոշվել:

«Սկսած 2018 թվականից՝ կրթութան նախարարությունը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ կնքել է մեդիագրագիտության շրջանակներում հատուկ համագործակցության հուշագիր: Պետք է նշեմ, որ կառավարությունը ևս շատ կարևորում է մեդիագրագիտության զարգացումը կրթության ոլորտում և պատահական չէ, որ հանրակրթության նոր չափորոշիչներով մեդիագրագիտությանը մեծ ուշադրություն է դարձվում»,- ասաց Բաղդասարյանը:

Շնորհանդեսից հետո մեդիայի ու կրթության ոլորտի մասնագետները քննարկեցին ոլորտում առկա խնդիրները, ծրագրերն ու առկա արդյունքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս