Ինչպե՞ս է հաշվարկվում կենսաթոշակը, եթե մարդը երկու տեղ է աշխատում
Քաղաքացիները հաճախ են հարց բարձրացնում՝ եթե 2 տեղ են աշխատում, ապա թոշակի անցնելիս ստաժը հաշվարկելիս ինչո՞ւ երկուսն էլ չեն ներառում:
Միասնական սոցիալական ծառայության կազմակերպությունների, քաղաքացիների և օտարերկրյա պետությունների հետ համագործակցության վարչությունից հարցի վերաբերյալ՝ մեզ հետ զրույցում պարզաբանեցին, որ ներկայիս կենսաթոշակների վճարումը կարգավորվում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով, բաշխողական սկզբունքով, որի դեպքում, անկախ անձի աշխատավարձի չափից, աշխատավայրերի քանակից’ վճարվում է մեկ տարվա աշխատած ստաժի հաշվարկով։
«Ձեր հարցը կուտակային կենսաթոշակային համակարգն է, որի դեպքում կենսաթոշակի չափը հաշվարկվում է անհատական հաշվին կուտակած գումարից, այսինքն՝ անձը քանի տեղից վճարում է սոցիալական վճար, կամ որքան բարձր աշխատավարձ, այնքան մեծ գումարով սոցիալական վճար, և ձևավորվում է բարձր կենսաթոշակ։ Մեր հանրապետությունում կուտակային կենսաթոշակների մասին օրենքը 2014 թվականից է ուժի մեջ մտել, և դեռ կուտակային կենսաթոշակի տարիքը չի լրացել»,- մանրամասնեցին վարչությունից:
Նշենք, որ տարիքային կենսաթոշակի իրավունք ունեն 63 տարեկան դարձած և առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձինք: Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 59 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, առնվազն 20 օրացուցային տարին աշխատել է վնասակար, ծանր պայմաններում (թիվ 2 ցուցակ), մինչև 2014 թվականի հունվարի 1-ը առնվազն 10 օրացուցային տարին աշխատել է վնասակար, ծանր պայմաններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:
Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 55 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 15 օրացուցային տարին աշխատել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող պաշտոններում (թիվ 3 ցուցակ) և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:
Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ (62 տարին լրանալու դեպքում) տարիքային կենսաթոշակ նշանակվում է, եթե անձն ունի առնվազն 35 տարվա աշխատանքային ստաժ և չի աշխատում:
Իսկ ծերության նպաստի իրավունք ունի կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձը՝ 65 տարին լրանալու դեպքում: