«Սա Արցախի ազատության և արցախահայության սպասումի մասին է՝ դա տեսել եմ Վերածննդի հանրահավաքին». Արսեն Գրիգորյան՝ Մրո

Հայաստանի վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը հոկտեմբերի 30-ին Արցախում հանրահավաքին մասնակցելուց հետո, նոյեմբերի 5-ին ներկա կլինի նաև Երևանում կայանալիք հանրահավաքին։

«Հայաստանում անցկացվելիք հանրահավաքը հենց Արցախի պաշտպանության հետ է կապված, Արցախի ազատության, ինքնորոշման իրավունքի հետ է կապված։ Կարծում եմ՝ որևէ հայ չի լինի, որին չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում, և ինչ ճակատագիր պետք է ունենան մեր հայրենակիցները։

Ինձ համար անընդունելի են այն հայտարարությունները, թե Արցախի հարցը  արցախցիներինն է, այն ամբողջ աշխարհի հայության խնդիրն է, այլ օրակարգ չկա։ Իմ անունից խոսեմ՝ կարծում եմ՝ իմ ներկայությունն այդ հանրահավաքին պարտադիր է նաև»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արսեն Գրիգորյանը։

Նա դժվարացավ ասել, թե մտավորականությունն ինչ մասնակցություն կապահովի հանրահավաքին, բայց հստակ գիտի, թե ինչու պետք է պարտադիր ներկա լինեն հանրահավաքին։

Կարդացեք նաև

«Կրկնում եմ՝ սա Արցախի ազատության և արցախահայության սպասումի մասին է, ես դա տեսել եմ Վերածննդի հանրահավաքին։ Այնտեղ սպասումը տեսա թե՛ երեխաների աչքերի մեջ, թե՛ ընդհանուր ժողովրդի մեջ՝ որպեսզի այստեղ՝ Երևանում, ևս մեկ անգամ հաստատենք՝ միասնական ենք, ու Արցախի պաշտպանությունն ու շահերը բոլորիս խնդիրն է, ես այսքանը կարող եմ ասել»,- եզրափակեց Արսեն Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, որի ընթացքում արցախցիները միաբանված հայտարարեցին, որ որևէ մեկը չի կարող Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, քանի որ արցախահայությունը պետք է իրացնի ինքնորոշման իր իրավունքը։ Հանրահավաքին մասնակցում էին Արցախի իշխանության վերնախավը՝ նախագահի գլխավորությամբ, ներկա էին նաև Արցախի նախկին նախագահները։

Տեսանյութեր

Լրահոս