«Տելեգրամյան» ալիքով թմրամիջոցներ վաճառելու հերթական դեպքն է բացահայտվել
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության կազմում գործող համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի նորաստեղծ բաժնի ծառայողները հերթական դեպքն են բացահայտել։ Նրանք հոկտեմբերի լույս 26-ի գիշերը, ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացելու կասկածանքով, Նոր Խարբերդում ձերբակալել և Շենգավիթի բաժին են տեղափոխել Նոր Նորքի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամին տեսակի թմրանյութով 65 փաթեթ` ընդհանուր 42 գրամից ավելի քաշով, ևս երեք փայլաթիթեղե փաթեթ մարիխուանա, նաև` գաղտնի փականով դանակ:
Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հայտնի դարձավ, որ երիտասարդը տնօրինում և օգտագործում է «տելեգրամյան» մի քանի ալիք, որոնց միջոցով իրացնում է թմրամիջոցներ:
Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրավապահները խուզարկել են մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցում երիտասարդի վարձակալած բնակարանը՝ հայտնաբերելով փայլաթիթեղներով փաթեթավորված մոտ 187 գրամ մարիխուանա:
25-ամյա երիտասարդը կալանավորվել է։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: