Ստեփանակերտի հանրահավաքից հետո, առ այսօր Ադրբեջանը ուշքի չի գալիս ու տեղեկատվական վայնասունը չի կտրվում. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյան ֆյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչու՞ հանրահավաք:

Ստեփանակերտի հանրահավաքից հետո, առ այսօր Ադրբեջանը ուշքի չի գալիս ու տեղեկատվական վայնասունը չի կտրվում: Որովհետև, ամբողջ աշխարհի համար բացահայտվեց թուրք-ադրբեջանական մի մեծ կեղծիք:

Աշխարհը տեսավ,

  • որ Արցախում ապրող և պայքարը շարունակող հայության մեծ բազմություն կա,
  • որ Արցախյան հարցը ադրբեջանական ձևով փակելն ու Հայաստանին ծնկաչոք խեղդելն այդքան էլ հեշտ գործ չի,
  • որ, Արցախում բնակվող հայությունն անկոտրուն է և չի նահանջելու իր ինքնորոշման արդարացի պահանջից:

Ստեփանակերտի հանրահավաքն օգնեց Ռուսաստանին` Սոչիում քննարկել, որ Արցախի կարգավիճակի հարցը փակված չէ և պետք է թողնել ապագային: Հանրահավաքը նույնիսկ կապիտուլյանտ Նիկոլին շանս տվեց, Սոչիում ՌԴ խաղաղապահների առաքելության ժամկետը երկարաձգելու հարց բարձրացնել: Ստեփանակերտյան հանրահավաքը Իրանին լրացուցիչ հիմքեր տվեց Ադրբեջանին սաստելու և Հայաստանի հետ կապերը խորացնելու համար: Կեցցե՜ն արցախահայությունը, ովքեր նորից կանգնած են քաղաքական պայքարի հարթակում:

Վաղը, նոյեմբերի 5-ին, ժամը 15:00-ին Երևանում ևս պետք է տեղի ունենա ոչ սովորական հանրահավաք: Որովհետև հայ ժողովուրդն աստիճանաբար սթափվում է հետպատերազմյան շոկից և նորից տեր է կանգնելու իր Հայրենիքում անվտանգ ապրելու իրավունքին:

Երևանում տեղի ունենալիք հանրահավաքը պետք է դիտարկել որպես Ստեփանակերտի հանրահավաքի շարունակություն, բարոյական ու քաղաքական աջակցություն: Եթե կապիտուլյանտ իշխանությունները մի փոքր խելք և հայրենասիրություն ունենան, ապա արտաքին հարաբերություններում կարող են օգտվել այդ հանրահավաքի ուղղերձներից:

Հայաստանը` հայության մայրաքաղաքում ասելու է,

  • որ Արցախը երբեք չի կարող լինեն Ադրբեջանի կազմում,
  • որ հայ ժողովրդի տասնամյակների պայքարն ու բազում զոհերն ապարդյուն չեն եղել,
  • որ Հայաստանի ապագան չի կարող որոշվել օտարներին հարմար եղանակով, և հայ ժողովրդի թիկունքի հետևում,
  • որ Հայաստանում ապրում են երկրի արժանապատիվ տերերը, ոչ թե ճակատագրի հեգնանքին հարմարվող զանգվածներ:

Ուրեմն, հարգելի հայրենակից, վաղը ժամը 15:00-ին Ֆրանսիայի հրապարակում բռունցքվելով, մեր միասնական ուղղերձը հղենք աշխարհին` հանուն մեր երկրի ու նրա սերունդների:

Իսկ շաբաթօրյակն ու ծատատունկը մեկ շաբաթ էլ կարող են սպասել»:

Տեսանյութեր

Լրահոս