«Էկոնոմիկայի նախարարը փայլում է տնտեսությունից հեռու գաղափարներով․ աշխատատեղերի աճը պետք չէ ուրիշ տեղ փնտրել․․․»․ Նաիրի Սարգսյան
«Այս պահի տնտեսական աշխուժությունը ոչ թե կապված է Ռուսաստանից ներհոսքի հետ, այլ դրա ուղղակի հետևանքն է, եթե մենք չունենայինք այսպիսի ներհոսք, մենք չէինք ունենա աշխատատեղերի այսպիսի աճ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը՝ անդրադառնալով Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ երեկ խորհրդարանում լրագրողների հարցերին ի պատասխան արված հայտարարությանը, թե աշխատատեղերի աննախադեպ աճ է գրանցվել։
«Ինչպես միշտ, Էկոնոմիկայի նախարարը փայլում է տնտեսությունից և տնտեսագիտությունից հեռու գաղափարներով։
Տարբեր գնահատականներով՝ այս պահի դրությամբ Հայաստանում ժամանակավոր բնակություն հաստատած մինչև 200.000 Ռուսաստանից ժամանած քաղաքացիներ կան։ 200.000-ը մոտավորապես կազմում է Երևանի բնակչության 15-20 տոկոսը, այսինքն՝ ենթադրվում էր, որ պետք է 15 տոկոսով սպառումն աճեր։ Եթե բնակչությունն աճել է 15 կամ 20 տոկոսով, մոտավորապես այդքանով էլ պետք է աճեր սպառումը, որովհետև չմոռանանք, որ նրանք խթանել են վճարունակ պահանջարկին, այսինքն՝ վճարունակ զանգվածն է տեղափոխվել Հայաստան, և ոչ անվճարունակը։
Շատ հետաքրիքր է, որ այս ամենի ֆոնին մենք ունենք մանրածախ առևտրի ընդամնեը 2 տոկոս աճ։ Սա նշանակում է, որ միայն Երևան քաղաքում ունենք 15-20 տոկոս բնակչության աճ, դեռ չեմ հաշվում տուրիստական ներհոսքը, թե ինչ մշակութային, ճանաչողական և այլ նպատակներով ինչքան տուրիստական ներհոսք ենք ունեցել, դրանք թողնում եմ իրենց նվեր։ Միայն այդ 200.000 քաղաքացու Հայաստան ներհոսքի պարագայում մենք ունենք 2 տոկոս առևտրի աճ։ Սա նշանակում է, որ Հայաստանի մշտական բնակչության սպառումը կրճատվել է, որը հետևանք է գնաճի և աշխատավարձերի՝ գնաճին ոչ համապատասխան աճի»,- ասաց Նաիրի Սարգսյանը։
Նրա խոսքով՝ ՌԴ քաղաքացիների՝ ՀՀ ներհոսքի արդյունքում սպառումն ավելացել է, այսինքն՝ Հայաստանի մշտական բնակչի սպառումը փոխարինվել է ներգաղթյալի սպառման աճով։
«Տնտեսական աճը և տնտեսական աշխուժությունը կամ տնտեսական ակտիվությունն իրենից ենթադրում է սպառման ավելացում կամ զուտ արտահանման ավելացում։ Այդ իսկ պատճառով հատուկ շեշտադրում եմ անում սպառման ավելացմանը։
Սպառման ավելացումը, բնականաբար, իր հետ բերում է աշխատատեղերի ավելացում։ Հայաստանում բնակություն հաստատած քաղաքացիների մի մասն այստեղ որոշել է սեփականություն ձեռք բերել, դա գաղտնիք չէ, ինչպես նաև վարձակալության ահռելի մեծ պահանջարկ է առաջացել։ Այս 2 գործոնը, չհաշված բնականոն գործոնները, որ մենք ունենք Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներից Հայաստանում բնակություն հաստատածներ, որոնք ունեն բնակարանային ապահովման կարիք, ինչպես նաև մշակութային փոփոխությունը, երբ երիտասարդ, նոր կազմավորվող ընտանիքներն այլևս չեն ցանկանում բնակվել ծնողների հետ, այլ ցանկանում են առանձնանալ և հիփոթեքային վարկավորումով բնակարան ձեռք բերել։ Դրանք այս պահին փոքր տոկոս են կազմում, հիմնական աճ՝ շինարարության խթանման՝ ներգաղթյալների ցանկությունների աճի հաշվին է, և՛ որպես սեփականության ձեռքբերման, և՛ որպես վարձակալության հիմունքներով տրամադրման։ Տրամաբանական հարց է առաջանում, սա տանելո՞ւ էր աշխատատեղերի աճի, թե՞ ոչ, միանշանակ տանելու էր։
Այդքան մարդիկ սնվում են ռեստորաններից, նրանց մի մասն ապրում են հյուրանոցներում։ Նույն վիճակագրական տվյալները փաստում են, որ տնտեսական ակտիվության շոգեքարշի դերը հենց ծառայությունների ոլորտինն են, մասնավորապես հյուրանոցային, հյուրատնային, ռեստորանային ու սրճարանային բիզնեսինը։
Սա բերելո՞ւ էր լրացուցիչ աշխատատեղերի աճի՝ մենեջեր, խոհարար, մատուցող, մաքրուհի և այլն, միանշանակ բերելու էր։ Եվ այսքան մարդ, որ եկել է, բնականաբար, նրանց մի մասն էլ աշխատանք է առաջարկելու նմանատիպ կազմակերպություններին։
Այնպես որ, աշխատատեղերի աճը և տնտեսական ակտիվության աճը պետք չէ ուրիշ տեղ փնտրել, դա ուղիղ կապված է այս պահին ներհոսքի հետ»։
Նաիրի Սարգսյանը նաև ներկայացրեց ներհոսքի հնարավոր վտանգները։
Առաջին։ Հայաստանում գտնվող անձինք սպառում են, և որոշակի ոլորտի կազմակերպությունների դիրքերը շահույթները բարելավվում են, բնականաբար, բայց զուգահեռ՝ հայաստանաբնակ բնակչության մեծամասնությունն աղքատանում է, որովհետև պահանջարկի աճի ֆոնին տեղի է ունենում գնաճ, գնաճը, բնականաբար, վերաբերելի է բոլորին, հետևաբար՝ այն աղքատ բնակչությունը, որի եկամուտներն այդպես էլ չեն ավելանում, բայց ծախսերը շարունակաբար ավելանում են, բնականաբար, նրանք ավելի են աղքատանում։
Այստեղ հարց է առաջանում, այդքան թմբկահարված տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կամ աշխատատեղերի աճն ի՞նչ արեց Հայաստանի մշտական բնակչության համար, օգո՞ւտ տվեց, թե՞ վնասեց։ Իմ խորին համոզմամբ՝ վնասել է։
Երկրորդ վտանգն այս մարդկանց դեպի ՌԴ վերադարձին է վերաբերում։ Բիզնեսը սովորաբար շատ արագ է արձագանքում, երբ այս պահին պահանջարկ կա, օրինակ՝ հանրային սննդի ոլորտներին, շատ դեպքերում գումարներն ուղղվում են դեպի ռեստորաններ ու սրճարաններ բացելուն։ Գուցե դեռ այդ ներդրումը հետ չգնացած, արդեն այս մարդիկ վերադառնան Ռուսաստանի Դաշնություն, բիզնեսները գնալու են սնանկության»,- ասաց տնտեսագետը։
Դիտարկմանը, որ Վահան Քերոբյանը հայտարարել է, թե ամենախոշոր և իրենց համար ամենալավ աճը բարձր տեխնոլոգիաների ոլորտում է, Նաիրի Սարգսյանն ասաց․
«Երբ շեշտադրումը կատարում են ՏՏ ոլորտի վրա․․․ Նրանց մի մասը կապ ունեն վերջերս լայն թափ ստացած ամերիկյան փոխադրումների ընկերությունների հետ, ընկերություններ են բացում, որոնք կոչվում են ՏՏ-ի և փոխադրումների խառնուրդ, այդպես էլ որևէ մեկը չի կարողանում բիզնեսին հստակ անուն դնել։ Կարծում եմ՝ սրանք էլ են մտնում այդ հաշվարկի մեջ։
Երկրորդը՝ 200-300 ՏՏ ընկերություն է Ռուսաստանից Հայաստան տեղափոխվել, ինքն այնպիսի ոլորտ է, որ աշխատակազմին կամ հետները բերում են, կամ աշխատանքը կատարում են Ռուսաստանից։ Այսինքն, եթե ՏՏ ընկերությունը Ռուսաստանից տեղափոխվել է Հայաստան, դա այնպիսի ոլորտ է, որ Հայաստանում պատրաստված կադրերն ուղղակի մի տեղ կանգնած չէին սպասում, որ ՏՏ ընկերությունը տեղափոխվեր, և իրենք աշխատանքի ընդունվեին։ Այդ ընկերություններն արդեն ունեն ձևավորված կառուցվածքային ստորաբաժանումներ, որակյալ կադրեր և այլն, նրանք ՌԴ-ում բնակվող իրենց աշխատակազմին ՀՀ-ում ընդունել են աշխատանքի։ Այսինքն՝ մեծ հաշվով Հայաստանի վրա ազդեցություն չունեն։ Պայմանական մի օրինակ բերեմ։ Ա ընկերությունը, որն ունի 100 աշխատակից, Ռուսաստանից տեղափոխվել է Հայաստան, ծառայություն է մատուցում ամերիկյան կամ գերմանական ինչ-որ ընկերությունների, գումարը ստանում է Գերմանիայից՝ Հայաստանի բանկերի հաշվին, բայց աշխատակազմի մեծ մասը գտնվում է Գերմանիայում և նույնությամբ այդ գումարը փոխանցում է Ռուսաստանում գտնվող աշխատակազմի հաշվին, որովհետև վստահեցնում եմ ձեզ, նրանց աշխատակազմի փոքր մասն է եկել Հայաստան, և այդ փոքր մասն էլ, որ եկել է, այո, նրա սպառումն արդեն իսկ ասացի, որ ՀՀ-ի վրա ազդեցություն թողնում է»։
Աուդիտորների պալատի նախագահն ասաց, որ, ցավոք, Կառավարությունը մանրամասն տեղեկատվություն չի հրապարակում, թե ովքե՞ր են այդ աշխատողները, ո՞ր երկրի քաղաքացի են և այժմ որտե՞ղ են բնակվում։
«Այդ տվյալները չունենք, դրա համար նրանք կարող են հիմա այդ մասին բարձրաձայնել։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ աշխատողների մի մասը Հայաստանում չեն ապրում, այս 8000-ը, որ նշում են, չի՛ բացառվում, որ նրանցից 6000-ը հիմա Ռուսաստանում են։ Որպեսզի ավելի թափանցիկ լինի, իրենք պետք է անուն-ազգանուններով, նրանց բնակության վայրերով հրապարակեն»։
Նաիրի Սարգսյանը ներհոսքի հետ կապված մեկ այլ խնդրի վրա էլ ուշադրություն հրավիրեց՝ բնակարանների վարձավճարների գները, որոնք հասնում են աստղաբաշխական գների․
«Պատկերացրեք՝ մարզերից ուսանողները պետք է տեղափոխվեն Երևան՝ սովորելու, նրանք կարո՞ղ են այդ վարձավճարը սպասարկել, թե՞ ոչ։ Այսինքն՝ այս պահին ուրախանալ ռուսների ներհոսքով, որ շատ անձինք նույնիսկ իրենց բնակարանից դուրս են գալիս, վարձով են տրամադրում, որ վարձավճարի հաշվին ապրեն, դա առիթ է հանդիսանում, որ իրենք չաշխատեն ու ուսանողին վարձավճարի պատճառով արգելեն գալ Երևանում սովորելու, որևէ բուհ չընդունվի, սա երկարաժամկետ պարագայում, կարծում եմ՝ ոչ թե վատ է, այլ աղետ է»։