«Աշխատատեղերի ամենախոշոր և մեր համար ամենալավ աճը, իհարկե, բարձր տեխնոլոգիաների ոլորտում է»․ Քերոբյան

«Համարյա բոլոր ոլորտներում աշխատատեղերի աննախադեպ աճ ունենք»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Նոր ընկերություններ են հիմնվել, հաստիքներ են ավելացել: Մենք տեսնում ենք աճ համարյա բոլոր ոլորտներում: 1-2 ոլորտ կա, որտեղ անկում կա, բայց դա այդքան էլ կարևոր չէ: Անկում կա մանրածախ առևտրում:

«642.000 (վեց հարյուր քառասուներկու հազար) աշխատատեղ եղել է անցած տարվա սեպտեմբեր ամսին, այս տարի 691.000 (վեց հարյուր ինսունմեկ հազար) է, այսինքն՝ 49.000-ի (քառասունինը հազար) կարգի աճ ունենք: Դա շատ բարձր ցուցանիշ է, այսպիսի բարձր ցուցանիշ երբևէ չի եղել: Ամենախոշոր և մեր համար ամենալավ աճը, իհարկե, բարձր տեխնոլոգիաների ոլորտում է»,- ասաց Քերոբյանը:

Ի դեպ, այս տարվա փետրվարի վերջին, երբ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև սկսվեց ռազմական հակամարտությունը, Ռուսաստանից բազմաթիվ քաղաքացիներ, հատկապես բարձր տեխնոլոգիայի ոլորտում աշխատողներ,  իրենց բիզնեսով հանդերձ,  տեղափոխվեցին տարբեր երկրներ, այդ թվում՝ Հայաստան: Եվ Էկոնոմիկայի նախարարը առանց  պատճառները նշելու՝ ներկայացրեց իր կատարած հաշվարկը:

Կարդացեք նաև

«Տարվա սկզբի 16.000 (տասնվեց հազար) աշխատողի փոխարեն՝ հիմա այդ ոլորտում ունենք 24.500 (քսանչորս հազար հինգ հարյուր) աշխատող: Այսինքն, այդ ոլորտում աշխատողների 50 տոկոսից ավելի աճ ունենք, որը շատ լավ է, որովհետև ոլորտը բարձր արտադրողականություն ունի, և բարձր աշխատավարձեր են այդ ոլորտում, միջին աշխատավարձը այնտեղ  1.150.000 (մեկ միլիոն հարյուր հիսուն հազար) դրամ է»։

Դիտարկմանը, որ անընդհատ իշխանությունները հայտարարում են, թե մեծ թվով աշխատատեղեր են բացվել, սակայն շարքային քաղաքացիները դա առարկայորեն չեն զգում, Վահան Քերոբյանն այսպես արձագանքեց․

«Բայց ո՞նց կարող են դա չզգան: 50.000 մարդ Հայաստանում նոր աշխատանք է ստացել, և դա կարող են չզգա՞լ։ Դուք աշխատանք ունեք  և ունեցել եք, ձեր մոտ կարող է բան չի փոխվել, դուք դա չեք զգում, բայց 50.000 մարդ, որ 1 տարի առաջ աշխատանք չուներ, հիմա ունի»։

Լրագրողի մեկ անգամ ևս ճշտող հարցին,  թե հատկապես  որ ոլորտներն էին, որ աշխատատեղերի անկում են գրանցվել, Քերոբյանն ասաց՝ իր հիշելով՝ դա մանրածախ առևտրի ոլորտն է։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս