«Առնվազն այս մոլորակի, տիեզերքի հետ կապ չպետք է ունենաս, որպեսզի համեմատվես Իսրայելի հետ». Տնտեսագետը՝ Վահան Քերոբյանին
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել էր մասնավորապես Ջերմուկ տուրիստական քաղաքի ուղղությամբ ադրբեջանական վերջին ագրեսիային և դրա ազդեցությանը տուրիզմի ոլորտի վրա։ Նախարարն ասել է, որ պետք է ապրել՝ հաշվի առնելով այս նոր, իր ձևակերպմամբ՝ նորմալ իրավիճակը․
Լրագրողի հարցին՝ ամենօրյա կրակոցն իր համար դարձել է նորմա՞լ, Էկոնոմիկայի նախարարը հարցով էր արձագանքել. «Իսկ ձեր համար չի՞ դարձել նորմալ բան։ Կրակոցը նորմալ բան է նույնիսկ Իսրայելում, և այդ տնտեսությունը զարգանում է շատ բարձր տեմպերով, և եթե այդ կրակոցը պետք է չլինի մեր երկրի սուվերենության հաշվին, ապա մենք պետք է փորձենք այնպես անել, որպեսզի կրակոցների միջավայրում կարողանանք զարգացնել մեր տնտեսությունը և մեր երկիրն ավելի ապահով դարձնել»։
168.am-ի հետ զրույցում տնտեսագետ Վարդան Բոստանջյանն անդրադառնալով Վահան Քերոբյանի այս մեկանաբանությանը և մեր հարցին՝ հնարավո՞ր է տնտեսություն զարգացնել, երբ գրեթե ամեն օր թշնամին կրակում է, նախ ասաց՝ հայ մարդու խոցելիությունն այն է, երբ կարող է այնպես պատահել, որ Քերոբյանի նման անձնավորության խոսքերը մեկնաբանի։
«Հեռահար ենթադրում եմ, որ ինքը անտանելի մարդ չէ, բայց տվյալ ոլորտի հետ, ուզում եմ համոզված լինել, որ ընդհանրապես կապ չունի։ Նրա ասածներն արժանի են այո-ի կամ ոչ-ի։ Մեր երկրի կառավարումը գտնվում է շատ անպետք կառավարման համակարգում։ Հանգամանքների բերումով տարբեր տեղերից ֆինանսական հոսքերի պարագայում երբեմն տնտեսությունում գրանցվում է, այսպես ասած՝ աշխուժություն։ Սակայն այդ աշխուժությունը նոր արժեք ստեղծելու ինստիտուտ չէ։ Մյուս կողմից՝ երբ ասում են՝ կրակոցների պայմաններում կարող ենք զարգանալ, ապա սա, գիտե՞ք, ինչ վտանգավոր է, որովհետև ըստ էության ասում են՝ թող կրակոցներ լինեն, ոչինչ, մենք այնքան շքեղ կերպարներ ենք, որ դրա տակ էլ կարող ենք զարգանալ։ Բայց վերջին չորս տարիների ընթացքում մենք բոլորովին հակառակ պատկերին ենք ականատես լինում»,- նշեց Վարդան Բոստանջյանը։
Ինչ վերաբերում է Վահան Քերոբյանի այն համեմատությանը, որ Իսրայելում էլ են կրակում, բայց Իսրայելն ունի զարգացած տնտեսություն, տնտեսագետը նկատեց՝ այս ամենը մեծագույն անհամեստության նշան է, քանի որ Իսրայելի հետ համեմատական եզր անգամ չեն կարող գտնել։
«Միայն այն հանգամանքը, որ Իսրայելը մասնակցում է զենքի շուկայում զենքերի առևտրին և տարեկան Իսրայելը ՀՀ համախառն ներքին արդյունքի չափ միայն զենք է վաճառում, ուրեմն՝ թող ուրիշ բանի մասին չխոսեն։ Նման պայմաններում առնվազն այս մոլորակի, տիեզերքի հետ կապ չպետք է ունենաս կամ առհասարակ տեղյակ չլինես որևէ բանից, որպեսզի համեմատվես Իսրայելի հետ»,- եզրափակեց Վարդան Բոստանջյանը։