Բաժիններ՝

Հրդեհի հետևանքով Լանջաղբյուրի բնակչի բազմանդամ ընտանիքը մնացել է առանց բնակարանի

Բռնկված հրդեհի հետեւանքով ամբողջովին այրվել է Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Լանջաղբյուր գյուղի բնակիչ Վարդան Գեղամյանի բնակարանը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչությունից, տան հետ միասին այրվել է նաեւ ավելի քան 200 հակ անասնակեր, տան գույքը, կենցաղային ապրանքները, հագուստներ։ Հրդեհը մարելու համար ուղարկվել է 3 մարտական հաշվարկ։

Լանջաղբյուրի վարչական ղեկավար Վազգեն Նավոյանի տեղեկացմամբ՝ Վարդան Գեղամյանն իր խնամքի տակ ունի 3 անչափահաս երեխա, իսկ ավագ որդին ծառայում է ՀՀ զինված ուժերում։

«Վարդան Գեղամյանն առաջին խմբի հաշմանդամ է, կինը չի աշխատում։ Ընտանիքի ապրուստի միակ միջոցը վերջինիս թոշակն ու երեխաների նպաստն են հանդիսանում։ Այրված բնակարանը, որը կառուցվել էր ավելի քան վեց տասնամյակ առաջ, հնարավոր չի վերականգնել։ Որպեսզի այս ընտանիքն անօթեւան չմնա, ժամանակավորապես տեղավորել ենք իրենց հարեւանությամբ գտնվող բնակարանում, որի տերերն այժմ բնակվում են արտերկրում։ Իսկ գյուղի բարերարները, բնակիչները հիմա հանգանակություն են հավաքում՝ տուժած ընտանիքի համար նոր բնակարան գնելու, նրան ամեն կերպ պատսպարելու եւ օժանդակելու նպատակով։ Անգամ հոգում ենք անասնակեր գնելու խնդիրը, որպեսզի Վարդան Գեղամյանի ընտանիքը չզրկվի նաեւ անասուն պահելու հնարավորությունից։ Ամբողջ գյուղն անշահախնդիր ու գրեթե մեկ մարդու պես կանգնած է տուժած ընտանիքի կողքին»,-ներկայացրեց Վազգեն Նավոյանը։

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս