
Վրաստանում ձեռնամուխ են եղել ՆԱՏՕ-ի Agile Spirit – 2023 զինավարժանքների նախապատրաստմանը

Վրաստանի Պաշտպանության ուժերի ներկայացուցիչները՝ Եվրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ-ի բանակի հրամանատարության հետ համատեղ ձեռնամուխ են եղել Agile Spirit – 2023 բազմազգ զինավարժանքների նախապատրաստամանը, որոնք տեղի կունենան ՆԱՏՕ-ի հովանու ներքո:
Նոյեմբերի 1-ին այդ մասին հայտնել են Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում: «Վրաստանի պաշտպանության ուժերը՝ Եվրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ-ի բանակի հրամանատարության հետ սկսել են պատրաստվել Agile Spirit – 2023 բազմազգ զինավարժանքներին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչության տվյալներով՝ զինավարժանքների նախապատրաստմանը նվիրված խորհրդաժողովը կտեւի մեկ շաբաթ: Վրացի եւ ամերիկացի զինվորականները պլանավորման շրջանակներում պետք է սահմանեն զինավարժանքների անցկացման ստույգ օրը, մարտական զորավարժությունների տարածագոտին, երկրների թիվը, որոնք կմասնակցեն դրանց: Զինավարժանքների անցկացումը պլանավորվում է 2023 թվականի ամռանը: Վրաստանն արդեն 11-րդ անգամ կմասնակցի հիշյալ զինավարժանքներին, եւ դրանք կղեկավարի Պաշտպանության ուժերի Արեւմտյան հրամանատարությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: