Աննա Վարդապետյանի մասնագիտական ֆիասկոն Սյունիքում ու հերթական դիմումը
Հոկտեմբերի 29-ին Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ Սյունիք կատարած աշխատանքային այցի մասին:
Աննա Վարդապետյանը խորհրդակցություն է անցկացրել Կապան համայնքում գտնվող Սյունիքի մարզի դատախազությունում, որին մասնակցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարզի իրավապահ կառույցների ղեկավարները, մարզի դատախազն ու դատախազության դատախազները, ինչպես նաև Գորիսի կայազորի զինվորական դատախազը:
Ըստ դատախազության տարածած հաղորդագրության՝ Աննա Վարդապետյանը «ուշադրության կենտրոնում է պահել հատկապես մինչդատական վարույթում ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթները և հանձնարարել է սահմանել ու Գլխավոր դատախազություն ներկայացնել այդ վարույթների քննության ժամանակացույցը»:
Համենայն դեպս, դատախազության տարածած հաղորդագրության մեջ այդ մասին երկու հիշատակում կար, ինչը հիմք է տալիս մտածել, որ Աննա Վարդապետյանը Սյունիք էր հասել մեկ դրա, մեկ էլ հույս հայտնելու համար, որ «մարզային իրավապահ բոլոր օղակների փոխգործակցության արդյունավետության բարձրացման համար և՛ մարդկային, և՛ մասնագիտական որակներն ու ամենակարևորը՝ հայրենասիրությունը թույլ կտան մի կողմ դնել ներանձնային հնարավոր խոչընդոտները ու միմյանց հետ աշխատել հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքների ու պետական շահերի պաշտպանության»:
Մի կողմ թողնելով Դատախազության հաղորդագրության լիրիկական զեղումները՝ 168.am-ի՝ Սյունիքի մարզի իրավապահ կառույցներին մոտ կանգնած աղբյուրները բոլորովին այլ իրականության մասին են տեղեկացնում:
Պարզվում է՝ Աննա Վարդապետյանը Սյունիքից վերադարձել է բավականին ճնշված վիճակում: Սյունիքի մարզում բոլոր իրավապահ կառույցների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ, մեր տեղեկություններով, գլխավոր դատախազը փորձել է ցուցումներ տալ զինվորական քրեական գործերով, սակայն դատախազների համար ոչ մի նորություն չի ասել, մարդիկ պատրաստ են եղել, ստացվել է օդի մեջ զրույց:
Ավելին, կոնկրետ երկու գործով Աննա Վարդապետյանն այնպիսի ցուցումներ է տվել, որ մարզի դատախազը ստիպված է եղել քրեական իրավունքի մասնագետ Աննա Վարդապետյանին, ով, հիշեցնենք, քննիչներին կոնկրետ քրեական գործերով «ընկերական» խորհուրդներ տալու մեծ սեր ունի, բացատրել, որ նրա ասածը նոր քրեական օրենսգրքով սահմանված չէ:
Այսինքն՝ ստացվում է, որ մասնագիտական առումով Սյունիքի մարզի դատախազներն ավելի պատրաստված են եղել, քան գլխավոր դատախազը:
Ինչևէ, Աննա Վարդապետյանը գիշերել է Սյունիքում, ուր նրա ու նրան ուղեկցող անձանց համար ամրագրված են եղել հյուրանոցային լյուքս համարներ, բացի թիկնապահներից, իհարկե:
Երևան վերադարձը, սակայն, ու նոր աշխատանքային շաբաթը չեն նվազեցրել Աննա Վարդապետյանի խնդիրները: Երեկ, ինչպես արդեն մամուլում գրվել է, հրաժարականի դիմում է ներկայացրել Աննա Վարդապետյանի 5 խորհրդականներից մեկը՝ Հակոբ Գևորգյանը, ով նաև գլխավոր դատախազի տեղակալի թեկնածու էր ու ըստ ամենայնի օրեր անց պիտի նշանակվեր այդ պաշտոնում:
168.am-ի տեղեկություններով՝ ընդամենը 1.5 ամիս պաշտոնավարած Հակոբ Գևորգյանն Աննա Վարդապետյանին իր հրաժարականը բացատրել է այն հանգամանքով, որ ինքը չի կարող աշխատել անարժանապատիվ միջավայրում, իսկ գլխավոր դատախազն, ըստ նրա, արժանապատվության պակասի խնդիր ունի, ու արժանապատվություն ասվածը նրա համար ավելորդ բեռ է:
Ի դեպ, Աննա Վարդապետյանն այսօր ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին հանդիպումն է նախագահել: Հանդիպմանը մասնակցել են Դատախազության, Հակակոռուպցիոն կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների կոմիտեի, ինչպես նաև Քննչական կոմիտեի ներկայացուցիչները:
Ուշագրավ է, որ 168.am-ի տեղեկություններով՝ հանդիպմանը մասնակցել է Դատախազության ողջ ղեկավար կազմը, բացառությամբ՝ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի: