«Ժողովրդական ալիքը սրբելու է տանի նման որոշում կայացնողներին». Մետաքսե Հակոբյան

Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ Արցախի բազմահազարանոց հավաքի մասնակիցները մի միտք էին արտահայտում՝ մարդիկ երազում են՝ 88-ի բոլոր նպատակները կատարվեն, իսկ հիմնական նպատակը մեկն է՝ Արցախ-Հայաստան միասնությունը:

«Երեկվա պահանջների վերջնարդյունքը Արցախի և Հայաստանի միացումն է: Բայց ցավոք սրտի, մենք 2018թ. շատ հեռացանք այն բաղձալի երազանքից, որին քիչ-քիչ մոտենում էինք: Հիմա այնպիսի իրավիճակում ենք հայտնվել, որ պետք է կարողանանք ուղղակի ֆիզիկական բնաջնջումից փրկվել, փրկել Արցախը՝ Ադրբեջանին բռնակցումից, որ մեր 88-ի երազանքը քայլ առ քայլ իրականություն դարձնենք: Երեկ հստակ գծվեցին կարմիր գծերը»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հակոբյանը նշեց, որ այսօր ավելի լարված են, սպասում են Սոչիի հանդիպման արդյունքներին. «Երեկ հենց Վերածննդի հրապարակում մարդիկ կոչեր էին անում՝ այսօր ևս նույն թափով հավաքվել: Բայց հետո որոշում կայացվեց, որ կախված այսօրվա հանդիպումից՝ մեր գործողությունները ավելի որոշակի դարձնել: Ունենք տարբեր տարբերակներ, թե որ դեպքում ինչ գործողությունների գնալ: Եթե մեզ հնարավորություն չտրվի պայքարելու մեր ինքնորոշման իրավունքի վերահաստատման համար, հնարավորություն չտալ պայքարել, որ թույլ չտանք Արցախը բռնակցել Ադրբեջանին, գնան Ադրբեջանի ցանկություններով, որևէ մեկին թող չթվա, որ Արցախում դրանից ընկրկելու են կամ հանձնվելու են, ավելի քան հաստատակամ ենք, պայքարը շարունակվելու է: Թե ինչ ձևաչափով, Աստված մի արասցե, որ դրա կարիքը լինի, բայց դա լինելու է ժողովրդի համախմբվածությունը, և այդ ալիքը ունակ է լինելու սրբել-տանել այն բոլոր բանակցողներին և որոշողներին, որոնք կփորձեն նույնիսկ ակնարկ անել, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում»:

Պատգամավորը նշեց, որ Արցախի իշխանությունների հետ տարբեր հարցերում հակառակ կարծիքներ ունեն, գտնվում են տարբեր բևեռներում, բայց Արցախի անվտանգության, Արցախի պահանջների հարցում դարձել են մի բռունցք. «Երեկ եղավ այն, որ ժողովրդի մոտ գնացին քաղաքական բոլոր ուժերը և երկրի նախագահը: Այսինքն՝ կարողացանք դրա ցուցադրությունը ևս անել, որ մենք բոլորս միասին ենք Արցախի հարցում, բոլորս տեսնում ենք նույն պահանջները, նույն ելքերը և նույն ճանապարհները՝ Արցախի փրկության համար: Այո, մենք միասնական ենք»:

Նա շեշտեց, որ ի տարբերություն Հայաստանի իշխանությունների՝ Արցախի իշխանությունները հիմա եկել են այն գիտակցմանը, որ պարտավոր են գնալ և միանալ քաղաքական բոլոր ուժերին՝ միայն Արցախի փրկության հարցում. «Արցախի հարցում մենք պետք է միասնական լինենք, որովհետև հստակ գիտակցում ենք, որ այն ամենը, ինչը մեր հակառակ կողմում է, շատ զորեղ է, և մեր միասնական չլինելու պարագայում կկարողանա մեզ ուղղակի ոչնչացնել: Մենք պետք է Արցախը փրկենք, և հուսով եմ՝ այս ամենի արդյունքում իշխանությունների գիտակցությունը կամաց-կամաց գալիս է նրան, որ երևի մի օր իրենք հենց կհայտարարեն իրենց բոլոր սխալների ու մեղավորությունների մասին և հենց իրենք կառաջարկեն պատասխանատվության ենթարկել այն ամենի համար, ինչում իրենք մեղավոր են եղել»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս