«Ստացվում է՝ 30 տարի ինչ արել էինք՝ զրոյացվել է, հիմա նորից ենք սկսում».  Արցախի ժողովրդական արտիստ

Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստ, Ստեփանակերտի թատրոնի դերասան, ռեժիսոր Քաջիկ Հարությունյանը հոկտեմբերի 30-ին Վերածննդի հրապարակում հայ քաջերին ոտքի կանգնելու ու պայքարելու կոչ արեց՝ հիշեցնելով, որ Արցախը դժվարին ճանապարհին է, ուստի ոտքի կանգնել է պետք։

168.am-ի հետ զրույցում Քաջիկ Հարությունյանն ասաց, որ ի տարբերություն 1988 թվականի շարժմանը, երեկ Արցախում տեղի ունեցածը միանգամից եղավ, իսկ 1988 թվականի շարժումն աստիճանաբար է սկսվել, այնուհետև թափ ստացել ու զարգացել։

«1988 թվականին ամեն ինչ այլ էր, այն ժամանակ հայրենասիրության ոգին ուրիշ էր, հիմա ժողովրդին մաս-մաս են արել՝ բաժանել են 2-10 մասերի, ամեն մեկն իր կողմն է ձգում։ Երեկվա հանրահավաքը շատ կարևոր էր, որպեսզի բոլորը մեկ բռունցք դառնան։ Մեկ մտքի են փաստորեն, ինչպես 1988 թվականին են ոտքի կանգել մեկ նպատակի համար, հիմա էլ տարբերություն չկա, ասում են՝ պատմությունը կրկնվում է, եկել հասել ենք նույն վիճակին։ Ստացվում է, որ 30 տարի ինչ արել էինք՝ զրոյացվել է, հիմա նորից ենք սկսում, տեսնենք՝ ինչ է ստացվելու»,- նշեց Քաջիկ Հարությունյանը։

Հարցին՝ ինչո՞ւ է հայրենասիրությունը նվազել, երբ այսօրվա սերունդը 1988 թվականին պայքարի դուրս եկածների սերունդն է, Քաջիկ Հարությունյանն ասաց, որ այդ հայրենասիրությունը եղել է, սակայն 2018 թվականից նվազել է։

Կարդացեք նաև

«Այնպես չէ, որ հայրենասիրությունը միանգամից մեռավ, 2018 թվականից սկսած տարբեր կերպ այդ հակահայրենասիրական քարոզն առաջ տարան, և այսպես եղավ։ Կամաց-կամաց եկանք հասանք այս օրերին, հիմա հայրենասիրության պակաս շատ կա, քնած են, ճիշտն ասած՝ շատ են քնած, ժողովուրդը, ազգը շատ է քնած։ Հիմա նրանց հարկավոր է արթնացնել։ Հարկավոր է նրանց ոգին բարձրացնել, սա է կարևորը, փաստորեն այս հանրահավաքը հիմնականում այդ նպատակն ուներ նաև»,- շեշտեց նա։

Շարունակելով միտքը՝ Քաջիկ Հարությունյանն ասաց, որ միաբանվելու կոչն ուղղված էր ոչ միայն արցախահայությանը, այլև ամբողջ հայությանը, այդ թվում՝ սփյուռքին։ Ինչպես եղել է 1988 թվականին, հիմա տասն անգամ ավելի ուժեղ պետք է լինեն, որովհետև հիմա ամբողջ աշխարհը երես է թեքել։

«Այդ միաբանությունը պետք է կրկին սրսկել ժողովրդի մեջ, անգամ մեծերի մեջ, որ կարողանան իրենց ընտանիքներում միաբանություն դաստիարակեն զավակներին, հայրենիքը պահում են հայրենասիրությամբ, այլ ձևով հայրենիք չի լինում։ Հակառակ դեպքում բոլորը թողնում ու հեռանում են։

Մեկ կարևոր հարց էլ, երբ ասում եմ՝ աճեցեք, բազմացեք, սա շատ կարևոր է, ոչ թե մեկ շուն ու կատու պետք է պահեն, այլ երեխաներ ունենան։ Շատ երեխաներ պետք է ունենա, ոչինչ, թող մի քիչ էլ դժվար ապրեն, բայց ազգը պետք է մեծանա, շատանա։ Մեր ազգը խելոք ազգ է, բայց բոլոր դեպքում այդ խելոքության հետ միասին պետք է շատ լինես, որ պայքարես»,- հավելեց Քաջիկ Հարությունյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ եթե Հայաստանում էլ մարդիկ քնից արթնանան, ապա այդ միասնականությունը կլինի, բայց եթե այսպես շարունակեն, ապա ոչինչ էլ չի ստացվելու։

«Բոլորս պետք է միաբանվենք մեկ նպատակի ու գաղափարի շուրջ, թողնել ամեն ինչ մի կողմում ու միաբանվել, որպեսզի կարողանանք և՛ Հայաստանը, և՛ Արցախն այս իրավիճակից հանենք ու պետականությունը պահենք»,- ասաց մեր զրուցակիցը։

Քաջիկ Հարությունյանն իր պայքարը տարել է նաև 1988 թվականի շարժման ժամանակ, 44-օրյա պատերազմի ժամանակ չի բացակայել Արցախից՝ տղան դիրքերում էր, մեկ օր է Երևան եկել թոռնիկներին տեսնելու համար։

Վստահեցնում է՝ պայքարել է հանուն Արցախի ու պայքարը շարունակելու է։

 

Տեսանյութեր

Լրահոս