Երբեք չես կարող ունենալ ազդեցություն տարածաշրջանում, եթե երկրիդ անվտանգությունն ունի կախվածություն
«Ունենք երեք բարդ խնդիր՝ երկրների, տարածաշրջանի և միջազգային համակարգի հետ կապված: Ես ուզում եմ ուշադրություն դարձնել մեր ոչ ճիշտ տրամաբանության վրա, երբ խոսում ենք անվտանգության խնդիրների մասին: Այս դեպքում միշտ առաջ է գալիս Հայաստանին երաշխավորելու հարցը: Սա ստեղծում է կախվածության համակարգ: Դու երբեք չես կարող ունենալ հզոր, ամուր անվտանգության ճարտարապետություն, չես կարող ունենալ առողջ հարաբերություններ հարևան երկրների հետ, ազդեցություն տարածաշրջանում, եթե շարունակ քո երկրի անվտանգությունն ունի կախվածություն»,- Համաշխարհային հայկական գագաթնաժողովի նիստի ժամանակ ասաց ԱՄՆ-ը ներկայացնող քաղաքագիտության պրոֆեսոր, միջազգային անվտանգության մասնագետ Ներսես Կոպալյանը:
Ըստ նրա՝ դաշինք կազմելը, տարբեր անվտանգային ու տարածաշրջանային կազմակերպությունների անդամ լինելը չի նշանակում անկախության կորուստ:
«Այս երկու հասկացությունները մենք պետք է տարանջատենք միմյանցից: Մինչև Հայաստանը չունենա անկախ անվտանգության դոկտրին, անվտանգության խնդիրները շարունակվելու են, որովհետև կախվածությունն իր էությամբ արդեն խնդիր է: Մինչև կախվածության տրամաբանությունը չփոխվի, անվտանգային խնդիրները չեն լուծվելու»,- եզրափակեց Ներսես Կոպալյանը: