Մինչև Հայաստանը չունենա բավարար զսպման կարողություն, այս իրավիճակը չի լուծվելու. Ներսես Կոպալյան
«Ներկա պահին երկրի անվտանգության ճարտարապետությունն ունի բազմաթիվ խնդիրներ, և, բնականաբար, դա արտոնություն է տալիս Ադրբեջանին և թույլ է տալիս՝ նրանք կարողանան հասնել այն նպատակներին, որ ներկա պահին ծրագրել են»,- Համահայկական գագաթնաժողովի «Հայաստանի անվտանգության համատեքստը։ Դեպի ո՞ւր ենք մենք շարժվում» թեմայով պանելային քննարկման ժամանակ նշեց Նևադայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ներսես Կոպալյանը:
Ըստ նրա՝ հետպատերազմական իրավիճակը ցույց է տվել, որ վերջին 30 տարիներին ՀՀ անվտանգային ճարտարապետությունը փլուզվել է, ինչը նոր խնդիրներ է ստեղծել:
«Մոտեցումը բարդ է և արագ լուծում չկա. առաջինը ՀՀ-ն պետք է կառուցի նոր զսպման ռազմավարություն»,- շեշտեց քաղաքագետը՝ նկատելով, որ վերջին 4-5 ամսում Ադրբեջանի ռազմավարական դոկտրինն ավելի ուշադրություն է դարձնում հիբրիդային կարողություններին»:
Ներսես Կոպալյանը համոզում հայտնեց, որ մինչև ՀՀ-ն չունենա բավարար զսպման կարողություն, այս իրավիճակը չի լուծվելու: