Դանակահարություն Ուջան գյուղում. ձերբակալվել է 17-ամյա համագյուղացին
Հոկտեմբերի 25-ին «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ստացվել էր հաղորդում, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Ուջան գյուղի բնակիչ, 23-ամյա երիտասարդ: Նա հայտնել էր, որ սարում ծառ կտրելիս ընկել է:
Հիվանդանոց մեկնեց բաժնի օպերատիվ խումբը և շատ արագ պարզեց, որ երիտասարդը պարզապես շեղում է իրավապահներին: Երիտասարդի մոտ ապօրինի բաներ կային՝ ծալովի դանակ, մարիխուանայի նմանվող զանգված, կանեփի սերմեր ու կաթուցիչ: Ըստ նրա` զանգվածը թմրամիջոց է, իսկ դանակը հենց այն գործիքն էր, որով մարմնական վնասվածքներ էին հասցրել իրեն:
Նախաձեռնվեց քրեական վարույթ: Ձեռնարկած միջոցառումներով Աշտարակի քրեական հետախույզները պարզեցին, որ Ուջան գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին մարմնական վնասվածքները պատճառել էր նրա 17-ամյա համագյուղացին: Նախնական տվյալներով` նա դանակը գցել էր դեպքի վայրում, որը վերցրել էր դանակահարված երիտասարդը:
Բացատրական կարճատև աշխատանքից հետո ուջանցի երիտասարդը եկավ բաժին, ներկայացվեց նախաքննական մարմնին, տվեց խոստովանական ցուցմունք ու ձերբակալվեց:
Համագյուղացիների միջև ծագած վեճի պատճառն ու դեպքի մյուս հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: