Ի՞նչ է նախապատրաստում Ալիևը Պուտինի եռակողմ նախաձեռնությունից առաջ
Վերջին օրերի գլխավոր տարածաշրջանային իրադարձությունն Իլհամ Ալիևի այցն էր Վրաստան:
Առաջին հայացքից՝ ոչ մի տարօրինակ բան, քանի որ Ադրբեջանն ու Վրաստանը խոսակցության բավականին հագեցած երկկողմ ու բազմակողմ՝ մասնավորապես տարածաշրջանային օրակարգ ունեն: Սակայն սա վերջին 7 տարիների ընթացքում Ալիևի առաջին այցն էր Վրաստան, ի դեպ՝ աշխատանքային, որը տեղի ունեցավ լիովին անսպասելի:
Ավելին՝ Ալիևի այցի ընթացքում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպում տեղի չի ունեցել: Վրաստանի նախագահի վարչակազմը շտապեց հայտարարել, որ իրենց չեն տեղեկացրել Ադրբեջանի նախագահի՝ Վրաստան աշխատանքային այցի մասին:
«Չնայած Վրաստանի նախագահի ցանկությանն ու պատրաստակամությանը, ցավոք, նախագահների հանդիպումը, որը, ավանդույթի համաձայն, տեղի է ունենում պետությունների ղեկավարների այցերի ժամանակ, տեղի չի ունեցել»,- հայտնել էր Զուրաբիշվիլիի վարչակազմը:
Այցից հետո քննարկվեցին Վրաստանի ու Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրություններում տեղ գտած որոշ տարբերություններ և այլն, սակայն գլխավոր հարցը հետևյալն է՝ որն էր 7 տարվա մեջ այս միակ այցի գլխավոր նպատակը:
Նախ նշենք, որ Իլհամ Ալիևը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ ասուլիսի ժամանակ ասել է.
- Ստորագրել ենք փոխըմբռնման հուշագիր Ադրբեջանի և Եվրահանձնաժողովի միջև։ Հաջորդ հինգ տարիների ընթացքում Ադրբեջանը նախատեսում է կրկնապատկել բնական գազի արտահանումը Եվրոպա։ Մենք ունենք այդ հնարավորությունը։ 2027 թվականին մենք նախատեսում ենք Եվրոպա արտահանել գրեթե 20 մլրդ խորանարդ մետր բնական գազ,
- Ադրբեջանը նախատեսում է ավելացնել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Սուպսա նավթատարների միջոցով մատակարարվող նավթի ծավալները: Այդ գործում կներգրավվի նաև նավթային տերմինալը, որը գտնվում է Վրաստանի արևմուտքում՝ Սուպսա գյուղում։
- Ադրբեջանը պատրաստվում է Վրաստանով 157 ԳՎտ էլեկտրաէներգիա մատակարարել միջազգային շուկաներ։ «Ադրբեջանը նախատեսում է էլեկտրաէներգիա արտահանել միջազգային շուկաներ։ Իհարկե, մեր երթուղին անպայման կանցնի Վրաստանով։ «…» Մենք հնարավորություն ունենք 157 ԳՎտ արտահանելու Կասպից ծովով»,- ասել է նա։
- Ադրբեջանը ներուժ ունի վերականգնվող էներգիայի արտադրության առումով։ Բաքուն և Թբիլիսին ևս նախատեսում են սկսել էներգետիկայի ոլորտում մի շարք նոր համատեղ նախագծերի իրականացումը:
- «Մենք կարծում ենք, որ ղարաբաղյան հակամարտության ավարտից հետո ժամանակն է, որ Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագիր ստորագրեն, սա է մեր մտադրությունը։ Մենք հայկական կողմին ներկայացրել ենք 5 հիմնական սկզբունքներից բաղկացած մեր առաջարկները. Հուսով եմ, որ Հայաստանը նույնպես քաղաքական կամք կցուցաբերի և խաղաղության պայմանագիր կկնքի Ադրբեջանի հետ՝ միջազգային հանրության կողմից ճանաչված այս հիմնական սկզբունքների հիման վրա։ Եթե դա տեղի ունենա, ապա Հարավային Կովկասում խաղաղություն կգա, ինչպես նաև համագործակցության հնարավորություններ կառաջանան։ Այսօր մտքեր ենք փոխանակել նաև Վրաստան-Ադրբեջան-Հայաստան խորհրդակցությունների մեկնարկի շուրջ։ Եթե հայկական կողմը պատրաստ է սրան, մենք էլ ենք պատրաստ»:
«168 Ժամ»-ի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ այցն անսպասելի էր, քանի որ քննարկելու համար անհետաձգելի թեմա կար, որին արարողակարգային ավելորդությունները քննարկելը կարող էր խանգարել: Ըստ նրա, թեմատիկ առումով քննարկումները կարելի է բաժանել երկու հատվածի՝ էներգետիկ-տնտեսական-հաղորդակցական և ռեգիոնալ՝ Վրաստան-Հայաստան-Ադրբեջան: Գոգոլաշվիլիի խոսքով, անհետաձգելի թեման անկասկած վերաբերում է եռակողմ ձևաչափին ու ադրբեջանական կողմի առաջարկին:
Նա գտնում է, որ հատկապես ուշադրության է արժանի այն թեման, որ այս առաջարկը հնչում է այն ժամանակ, երբ տեղի են ունեցել Պրահայի բանակցությունները և սպասվում են Մոսկվայի եռակողմ բանակցությունները Պուտինի միջնորդությամբ:
«Եթե այս ձևաչափը պետք է քննարկի Հայաստան-Ադրբեջան խնդիրները և ոչ տարածաշրջանային ենթակառուցվածքների թեման, ապա ամենայն հավանականությամբ Ադրբեջանը խնդրահարույց է դիտարկում այս պահին թե՛ մոսկովյան ձևաչափը, թե՛ Պրահայի: Պրահայից հետո, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանն անընդունելի է համարում Մակրոնի միջնորդությունը, սակայն Ադրբեջանի համար խնդրահարույց է նաև Մոսկվայի միջնորդությունը, քանի որ Մոսկվան ամեն գնով փորձելու է երկարաձգել իր խաղաղապահ ներկայությունը Ղարաբաղում, ինչին Ադրբեջանը դեմ է: Ուստի ամեն դեպքում նման նոր կամ այլընտրանքային ձևաչափ է առաջարկվում, որպեսզի գործընթացն ամեն դեպքում չընդհատվի: Չի բացառվում նաև, որ այդ մեխանիզմը վերաբերում է տարածաշրջանային պրոյեկտներին, սակայն տպավորությունն ու շեշտադրումներն այնպիսին էին, որ թվում է՝ խոսքը հակամարտությանն է վերաբերում»,- ասաց նա:
Վրացի քաղաքագետը հիշեցրեց, որ դեռևս մեկ տարի առաջ Վրաստանի վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից տարածաշրջանում Խաղաղության հարևանության գաղափար էր առաջ քաշում, որում Վրաստանը հանդես կգա՝ որպես քննարկումների, բանակցությունների հարթակ: «Սակայն դրան ընթացք չտրվեց, բանակցեցին ռուսական հարթակում, անցան եվրոպականին ու գուցե վերադառնան տարածաշրջանային ձևաչափ, որևէ մեկը վստահ չի կարող ասել, քանի որ սա փոփոխական գործընթաց է՝ անընդհատ փոփոխվող խաղացողներով, փոփոխվող քաշային կարգերով, իրավիճակներով»,- ասաց Գոգոլաշվիլին:
Իր հերթին՝ վրացի քաղաքագետ Սոսո Ցինցաձեն ասաց, որ տարածաշրջանում նման շփումները պետք է հաճախակի բնույթ կրեն, հատկապես աշխարհաքաղաքական զարգացումների նման բարդ փուլում: Ըստ նրա, սա ամեն դեպքում առավելապես եվրոպական և Եվրոպայի վրա հենված քննարկում էր, հաշվի առնելով թե գազի ու էներգակիրների մասին բանակցությունները, թե Հայաստան-Վրաստան-Ադրբեջան ձևաչափը, որը ևս համաձայնեցված ու համահունչ է Եվրոպայի հետ:
«Վրաստանը տարածաշրջանում վաղուց կարող էր իր միջնորդական ներուժն օգտագործել, և դրա փորձը եղել է, ինչպես հայ-թուրքական բարձրաստիճան հանդիպման կազմակերպման փորձն էր, հետո վրացական առաջարկը՝ դառնալ կամուրջ Հայաստանի, Ադրբեջանի միջև, ու ավելի լայն իմաստով՝ Թուրքիայի: Այս դեպքում էական կլինի հետևել կոնկրետ այս առաջարկի վերաբերյալ Հայաստանի արձագանքին, որից պարզ կդառնա շատ բան: Սակայն նախնական տպավորությունն այն է, որ այսօր միջնորդ ընտրելու թեման վերածվել է աշխարհաքաղաքական ընտրության, ընտրություն, որը ռեգիոնալ նշանակության հարց է դառնում»,- ասաց նա: