Կոմպոզիտորների միությունում նախագահ են ընտրելու. Թեկնածուներ, գնահատականներ և ակնկալիքներ
Հոկտեմբերի 30-ին գումարվելու է Հայաստանի կոմպոզիտորների միության 16-րդ համագումարը, օրակարգում նաև միության նախագահի և վարչության կազմի ընտրություններն են։
Արդեն հայտնի է, որ միության նախագահի պաշտոնում իրենց թեկնածությունն են առաջադրել Կոմպոզիտորների միության ներկայիս նախագահ Արամ Սաթյանը, միության փոխնախագահ Ավետիս Բերբերյանը և Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոռեկտոր, կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանը։
Կոմպոզիտորների հիմնական մասի համար կարևորը հօգուտ միության նախագահի ընտրության կատարումն է, և պետք չէ հիշել, թե, ասենք, համերգներից հետո ում շնորհիվ են հոնորար ստացել կամ՝ ոչ, ասացին որոշ կոմպոզիտորներ՝ չցանկանալով, որ իրենց անունները հրապարակվեն:
Կոմպոզիտոր Արա Գևորգյանը մեզ հետ զրույցում փոխանցեց իր կարծիքը, թե ինչպիսին պետք է լինի կոմպոզիտորների միության ապագա նախագահը: Իր ցանկությունն է, որ նա լինի համախմբող, լավ ասելիքով, լավ նախաձեռնություններով մեկը:
«Եվ ինչ առաքելություն որ ունի միության նախագահը, տա Աստված, որ կարողանա կատարել, փորձի կանգնեցնել մշակութային անկումը և շրջել դեպի զարգացում»,- հավելեց Արա Գևորգյանը:
Իսրայելաբնակ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանը, օրինակ, երկու տարի է՝ հրաժարվել է Կոմպոզիտորների միության անդամությունից, միության հետ կապ չի պահպանում, հավաքել է նոտաները միության գրադարանից ու դուրս եկել:
«Պատճառներից մեկն այն էր, որ երբ եկա Երևան՝ մասնակցելու սիմֆոնիկ համերգի, իմացա, որ այն չի կայանալու, փոխարենը՝ կոմպոզիտորը կարող է գործեր ներկայացնել այս կամ այն կազմի համար, ու այդ հայտարարությունը էլեկտրոնային փոստով ստացել էին այն բոլոր կոմպոզիտորները, որոնք հայտ էին ներկայացրել սիմֆոնիկ համերգին մասնակցելու համար: Կոլեգաներիցս մեկն ինձ տվեց այդ էլեկտրոնային նամակի օրինակը, որտեղ չկար իմ անունը:
Դա վրաս ծանր նստեց, հետևանքը եղավ ինսուլտը: Իսկ Իսրայելում այդպես չէ: Կոմպոզիտորների միության քարտուղարը մեկ գրությունով նամակներ է ուղարկում միության բոլոր անդամներին՝ այս կամ այն գործի մասին, ու դրանից հետո արդեն կոմպոզիտորի գործն է՝ կուզի՝ կմասնակցի, չի ուզի՝ չի մասնակցի: Կա նաև այլ բան, օրինակ, առաջիկայում մարտի 23-ին և 26-ին ԱՄՆ Ֆլորիդայի նահանգում ես ունեմ 2 կատարում: Սրա հետ Իսրայելի Կոմպոզիտորների միությունը կապ չունի, իսկ, օրինակ, 2009թ. Իսրայելի Կոմպոզիտորների միությունից իմացա, որ կարող եմ գործ ներկայացնել Կորեայում կայանալիք ասիական երկրների փառատոնին (14 երկիր): Ներկայացրեցի, շահեցի, մեկնեցի»,- ըստ էության, Նուբար Ասլանյանն այսպես գնահատեց Կոմպոզիտորների միության աշխատանքը, որի ապագա նախագահին ընտրելու իրավունք նա այլևս չունի: