
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի հարցը քննարկվել է արտահերթ կարգով

Բարսելոնայում Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ) Եվրոպայի տարածաշրջանի 34-րդ համաժողովում Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի հարցը քննարկվեց արտահերթ կարգով. այն օրակարգ ներառվեց հենց տեղում, պատվիրակությունների նախագահների խորհրդի որոշմամբ։
Այս մասին տեղեկացրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: Նա նշել է, որ արդեն լիագումար նիստերին հայկական պատվիրակությունը ներկայացրել է իրավիճակի բոլոր մանրամասները։
«Ինձ համար ակնհայտ էր, որ հարցի նկատմամբ ուշադրության էական աճ կա բոլոր պատվիրակությունների շրջանում։ Հստակ աջակցության խոսքեր լսեցինք Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի և Հունաստանի խորհրդարանականներից, ինչպես նաև` ՖԽՎ ներկայացուցիչներից։ Ֆրանսիայի սենատում ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձևը քննարկվելու է նոյեմբերի 14-ին»,- նշված է գրառման մեջ: