Արմեն Բաբալարյանն աշխարհի Մ23 տարեկանների առաջնությունում հայ մարզիկների գրանցած արդյունքները բավարար է համարում
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն աշխարհի Մ23 տարեկանների առաջնությունում հայ մարզիկների գրանցած արդյունքները համարում է բավարար:
«Առաջնությանը մեր գրանցած արդյունքները համարում եմ բավարար, քանի որ ամեն գույնի մեդալից մեկականն ունենք: Մենք առաջնությանը մասնակցող փորձառու մարզիկներ ունեինք, սակայն նրանցից մի քանիսը տարբեր պատճառներով դուրս մնացին մեդալների համար պայքարից»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մարզիչը:
Մասնագետի խոսքով`մարզիկները, որոնք արդյունք չեն գրանցել այս առաջնությունում, պետք է շատ աշխատեն, որպեսզի հետագայում էլ նրանցից սպասելիքներ լինեն: Առաջիկայում հավաքականը մարզումներ կանցկացնի մեծահասակների ընտրանու հետ` նախապատրաստվելով Հայաստանի առաջնությանը:
Բաբալարյանի խոսքով` 2022 թվականը բացառիկ էր, քանի որ բոլոր տարիքային խմբերում Հայաստանն ունեցել է ոսկե մեդալ:
Անդրադառնալով Մալխաս Ամոյանի չեմպիոնությանը՝ գլխավոր մարզիչն առանձնացրեց, որ Ամոյանը իր քաշային կարգում լավագույններից մեկն է: «Ամոյանը բազմիցս ապացուցել է դա»,- ասաց մարզիչը:
Աշխարհի Մ23 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր Հրաչյա Պողոսյանի կարծիքով ինքը եզրափակիչում սխալներ է թույլ տվել, քանի որ շտապել է: Նա նշեց, որ առաջնությանը լուրջ էին նախապատրաստվել, սակայն իր ելույթները գնահատում է միջին գնահատականով: «Հետագայում պետք է աշխատենք ֆիզիկական զարգացման վրա և հոգեբանորեն պետք է պատրաստ լինենք»,-ասաց Պողոսյանը:
ԱԱ-ի բրոնզե մեդալակիր Գևորգ Թադևոսյանի խոսքով` մրցաշարից առաջ հոգնածություն է ունեցել: «Դժվար գոտեմարտ ստացվեց մոլդովացի ըմբիշի հետ: Բարդ ստացվեց գոտեմարտել նրա հետ, քանի որ մարզումային գործընթացում միասին էինք նախապատրաստվել և ես նրանից նման մոտեցում չէի սպասում»,-ասաց նա:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի Մ23 տարեկաների առաջնությունում Մալխաս Ամոյանը դարձել է ոսկե, Հրաչյա Պողոսյանը` արծաթե, Գևորգ Թադևոսյանը` բրոնզե մեդալակիր: