Հայաստանի տարածքներից հանձնվելու է թշնամուն. դա բարձրաձայնողներին կսպառնա մինչև 15 տարվա ազատազրկում. Ռոբերտ Հայրապետյան
ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, ըստ որի, ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողությունները և հրապարակային կոչերը կպատժվեն 12-15 տարի ժամկետով և քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը, ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը:
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ քրեական պատասխանատվություն է նախատեսվելու այնպիսի գործողությունների համար, որոնք ուղղված են տարածքային ամբողջականությունը խախտելուն, այն է՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի մասն առանձնացնելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքը կամ դրա մասն այլ պետությանը հանձնելուն:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը վերը նշված օրենսդրական նախաձեռնությունը համարեց 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ընդունված, ապա չեղարկված ծանր վիրավորանքի հոդվածի դուստր օրենսդրական նախաձեռնություն, որի նպատակը մեկն է՝ հրապարակային կոչի անվան տակ լռեցնել իշխանության հասցեին հնչող քննադատությունը։ Ավելին՝ ոչ միայն լռեցնել, այլ նաև ընդդիմադիր հայացք ունեցողներին տանել կալանավորման՝ընդհուպ մինչև 15 տարով։
«Ուշագրավ է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը կասկածի տակ դնելը քրեականացնելու վերաբերյալ մի քանի ամիս առաջ «Հայաստան» դաշինքը ներկայացրել էր օրենսդրական նախաձեռնություն, որը, սակայն, շրջանառության մեջ չդրվեց, որովհետև նույն Արդարադատության նախարարությունը մերժեց՝ իբրև թե ընդդիմության ներկայացրածը խախտում է խոսքի ազատությունը, մինչդեռ հիմա նույն Արդարադատության նախարարությունը բերել է մի նախագիծ, որը ոչ թե խախտում է մարդու խոսքի ազատությունը, այլև դառնալու է ընդդիմախոսներին ու ԶԼՄ-ներին զսպող միջոց՝ մահակ, որը 71 ուսապարկերի կողմ քվեարկությամբ կընդունվի»,- մանրամասնեց իրավաբանը։
Վերջինս հատուկ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ներկայացված օրենսդրական նախաձեռնության տիրույթից դուրս է մղված Արցախի տարածքային ամբողջականությունը, հետևապես, Արցախի տարածքների հանձնման վերաբերյալ որևէ կոչ չի դիտարկվի որպես հանցագործություն։
«Նման օրենսդրական նախաձեռնությամբ հող է նախապատրաստում Փաշինյանի կողմից առաջիկայում ստորագրվելիք փաստաթղթի վերաբերյալ ընդդիմության ահազանգը լռեցնելու համար։
Առաջիկայում ստորագրվելիք փաստաթղթով Հայաստանի սուվերեն տարածքներից հանձնվելու են թշնամուն, իսկ դրա վերաբերյալ ցանկացած հայտարարություն զսպվելու է քրեական օրենսգրքով։ Ավելին՝ ԶԼՄ-ների հրապարակումները, տաղավարներում հնչեցված նախադասությունները, հանրահավաքների ժամանակ հնչեցված ելույթները գտնվելու են այս օրենքի կարգավորման դաշտում»,- ասաց Հայրապետյանը։
Ըստ նրա՝ եթե այս նախաձեռնությունը դառնա օրենք, ինչում ինքը կասկած չունի, իշխանությունը կլռեցնի ցանկացածին.
«Կգտնվեն դատավոր արղամանյաններ, կան նոր սրենդի արուսյակալեքսանյաններ, որոնք մարդուն կդատեն ընդհուպ մինչև 15 տարվա ազատազրկման՝ ՀՀ իշխանության կողմից թշնամուն տարածքների հանձնման մասին բարձրաձայնելու պատճառով»,- ասաց Հայրապետյանը՝ ընդգծելով՝ արդյունքում կունենանք խոսքի ազատության հերթական սահմանափակում մի իշխանության կողմից, որն իշխանության եկավ խոսքի ազատության, դրա պաշտպանության մասին կոչերով։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում