Ադրբեջանի կողմից առերեսվում ենք միայն մաքսիմալիստական մոտեցումների. ՀՀ ԱԳ նախարար

Տարբեր հանդիպումներում, տարեր ֆորմատներով բանակցություններում մեծ առաջընթաց ունենալու հիմնական խոչընդոտը Ադրբեջանի մաքսիմալիստական մոտեցումն է:

Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Երևանում Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով իրանցի լրագրողի՝ Պրահայի քառակողմ հանդիպման վերաբերյալ հարցին:

«Պրահայում կայացած քառակողմ հանդիպումը խաղաղության ջանքերի շրջանակում գործադրվող և կազմակերպվող միակ հանդիպումը չէ: Խաղաղության պայմանագրի շուրջ, նաև ՀՀ-Ադրբեջան հարաբերութուններում առկա մյուս խնդիրների, ինչպես նաև ԼՂ հիմնախնդրի շուրջ մեր հանդիպումները շարունակական են տարբեր հարթակներում` տարբեր ֆորմատներով: Ամենուր մենք փորձում ենք կառուցողական լինել և գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ: Եվ թերևս չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ ամենուր իրականում մեծ առաջընթաց ունենալու հիմնական խոչընդոտը Ադրբեջանի առավելապաշտական, մաքսիմալիստական մոտեցումն է և Հայաստանի հետ փոխադարձ ընդունելի լուծումների գնալու դժկամությունը: Ցավոք, մենք Ադրբեջանի կողմից առերեսվում ենք միայն մաքսիմալիստական մոտեցումների»,-ասաց Միրզոյանը՝ նշելով հայկական կողմի կառուցողականության մասին:

Նա հավելեց՝ մի հանգամանք էլ կա, որը խաղաղություն կառուցելիս մի կողմի անկեղծությունը կարող է կասկածի տակ դնել: «Դա հետևյալն է՝ երբ խաղաղ բանակցություններ վարելիս զուգահեռաբար շարունակաբար հնչեցվում են ուժի գործադրման սպառնալիքներ, կամ իրականության մեջ այդ ուժը գործադրվում է և ագրեսիա է տեղի ունենում բանակցող մի երկրի կողմից մյուս բանակցող երկրի նկատմամբ»,-ասաց Միրզոյանը:

ՀՀ ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ խոչընդոտները կհաղթահարվեն և առաջիկայում կհաջողվի հանգել փոխադարձ ընդունելի լուծումների:

Տեսանյութեր

Լրահոս