«Անթույլատրելի է, որ արևմտամետության միակ չափանիշը լինի ռուսականությունը. կա աշխարհաքաղաքական պայքար՝ չպետք է դառնանք դրա թատերաբեմը». Դավիթ Բաբայան
Հոկտեմբերի 17-ին ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել էր Արցախի հիմնախնդրին և այնտեղ խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբին։
Ըստ ԱՄՆ կոնգրեսականի, հիմա իրավիճակը փոխվում է, և իրենց նպատակներից մեկն այն է, որ կարող են մի քիչ ավելի մեծ դեր խաղալ ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի անվտանգության տիրույթում։
«Կարծում եմ՝ մտահոգիչ է, որ ռուս խաղաղապահներն Արցախում վտանգված են ինչ-որ առումով, որովհետև Ռուսաստանը կարող է որոշել, որ այլևս չի ուզում, որ այնտեղ խաղաղապահ զորք ունենա։ Կարծում եմ՝ չափազանց կարևոր է, որպեսզի մենք այս պահին սկսենք դեր խաղալ, Հայաստանի համար շատ լավ կլիներ, որ լիներ ԵՄ մաս և ավելի սերտ շփում ունենար ՆԱՏՕ-ի հետ։ Կարծում եմ՝ շատ լավ հնարավորություն է և գուցե այս պահին անհրաժեշտություն է Հայաստանի համար, որովհետև ռուսական անվտանգության պակտը չի ընդգրկում Հայաստանի անվտանգությունը»,- ասել էր Ֆրենկ Փալոունը։
Խոսելով Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունից, նա ասել էր, որ վերջին 20 տարիների ընթացքում ոչ միայն Իլհամ Ալիևը, այլև նրա հայրը, երկուսն էլ, կարելի է ասել, այդ հռետորաբանությունը պահպանել են, փորձել են վախեցնել, թե կներխուժեն և այլն, բայց Միացյալ Նահանգները հստակ հայտարարել է, որ նման բան չի հանդուրժի, դա անընդունելի է։
«Ես կասկած չունեմ, որ նա կշարունակի այդ նույն հռետորաբանական, ռազմատենչ հայտարարությունները, բայց չմոռանանք, նաև Թուրքիան էլ է հետաքրքրված խաղաղ տարածաշրջան ունենալու գործընթացով։ Ադրբեջանի ուզածը Հայաստանն է, Ադրբեջանը ցանկանում է հայերին քշել Արցախից, դրանք ընդունելի չեն։ Եթե Ադրբեջանն ագրեսիվանա ու ևս մեկ հարձակում գործի Հայաստանի վրա, ապա վստահաբար Թուրքիան կկանգնի Ադրբեջանի կողքին, բայց կարծես թե այս պահին Թուրքիան նախընտրում է խաղաղությունը, չեմ կարծում, որ ևս մեկ պատերազմը բխում է Թուրքիայի շահերից»,- ասել էր ԱՄՆ կոնգրեսականը։
ՆԱՏՕ-ի անդամ երկրների զորքը կարո՞ղ է Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնել, ինչպես ակնարկեց ԱՄՆ կոնգրեսականը, ինչպիսի՞ն է պաշտոնական Արցախի դիրքորոշումը։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով այս հարցին՝ նշեց, որ բազմիցս հայտարարել են, որ ռուս խաղաղապահներն առանցքային դերակատարություն ունեն Արցախի անվտանգության ապահովման գործում։
«Անկախ բոլոր բարդություններից, անկախ նրանից, որ Ադրբեջանն ամեն օր, ամեն վայրկյան փորձում է Թուրքիայի հետ մեկտեղ վարկաբեկել ու այլ բաներ անել, միայն ռուս խաղաղպահներն են ի վիճակի խաղաղությունն ու կայունությունը պահպանելու։ Անվտանգության և կայունության առումով մեզ համար սա ամենակարևոր երաշխիքն է։
Չենք ուզում մտնել գերտերությունների այս պայքարի մեջ, դրա համար ո՛չ ռեսուրս ունենք, ո՛չ էլ դա մեզ պետք է առհասարակ։ Մեզ համար Ռուսաստանը եղբայրական երկիր է, ռուս ժողովուրդը եղբայրական ժողովուրդ է, և այդպես էլ կմնա ընդմիշտ»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Շարունակելով՝ Արցախի ԱԳ նախարարն ասաց, որ այս ամենը, սակայն, չի նշանակում, որ Արցախը դեմ է Միացյալ Նահանգներին կամ այլ երկրների։
«Մենք բազմիցս ասել ենք, որ իրավունք չունենք նման մոտեցում ցուցաբերել, որովհետև սփյուռքային ժողովուրդ ենք, պարտավոր ենք լավ հարաբերություններ ունենալ այն երկրների հետ, որտեղ ունենք սփյուռք։ Անթույլատրելի է, որ արևմտամետության միակ չափանիշը լինի ռուսականությունը, չպետք է նման վարքագիծ ցուցաբերենք։ Պարզ է՝ կա աշխարհաքաղաքական պայքար գերտերությունների և ուժային կենտրոնների միջև, մենք այնքան իմաստուն պետք է լինենք, որ հանկարծ չդառնանք դրա թատերաբեմը»,- հավելեց Դավիթ Բաբայանը։
Ինչ վերաբերում է թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի հետ հարաբերությունների բալանսի պահպանմանը, Դավիթ Բաբայանը նշեց, որ ամեն ինչ կախված է պրոֆեսիոնալ աշխատանքի իրականացումից։
«Ամեն ինչ մեզանից է կախված, ամեն ինչ պետք է կարմիր թելի նման գնա, եթե լավ աշխատենք, կարողանալու ենք հարցերը կարգավորել, հակառակ դեպքում կործանելու ենք ամեն ինչ»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։