Ինչպիսի՞ և ինչքա՞ն սուրճ խմել կյանքը երկարացնելու համար
Գիտնականները պարզել են, թե օրական քանի բաժակ սուրճն է օգնում խուսափել կաթվածից և առիթմիայից, ինչպես նաև, թե որ սուրճն է ավելի լավ գործում՝ աղացած թե լուծվող: Նոր հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ օրական երկու-երեք բաժակ սուրճ խմելը կարող է երկարացնել է կյանքի տևողությունը։ Բացի այդ, համեմատած այն մարդկանց հետ, ովքեր լիովին հրաժարվել են սուրճից, «կոֆեինի սիրահարները» ավելի քիչ են տառապում սրտանոթային հիվանդություններից։ shantnews-ի փոխանցմամբ՝ հետազոտությունը հրապարակվել է European Journal of Preventive Cardiology հանդեսում։
Աշխատանքի հեղինակները եկել են այն եզրակացության, որ աղացած, լուծվող և առանց կոֆեինի սուրճի թեթև և չափավոր օգտագործումը պետք է դիտարկել որպես առողջ ապրելակերպի մաս։ Գիտնականներն ուսումնասիրել են տարբեր տեսակի սուրճի օգտագործման և առիթմիայի, սրտանոթային հիվանդությունների և մահվան ռիսկի միջև կապը՝ օգտագործելով բրիտանական բիոբանկի տվյալները: Սրտանոթային հիվանդությունները ներառել են սրտի իշեմիկ հիվանդություն, սրտանոթային անբավարարություն և ուղեղի ինֆարկտ (իշեմիկ ինսուլտ):
Հետազոտությունը ներառել է 449 563 մասնակիցների տվյալներ, ովքեր հետազոտության սկզբում չեն ունեցել առիթմիա կամ այլ սրտանոթային հիվանդություն:
Կամավորների միջին տարիքը 58 տարեկան է եղել, 55,3%-ը՝ կանայք։ Մասնակիցները լրացրել են հարցաթերթիկ, որտեղ նրանք նշել են, թե օրական քանի բաժակ սուրճ են խմում և արդյոք նրանք սովորաբար խմում են լուծվող, աղացած (օրինակ՝ կապուչինո կամ զտված սուրճ) թե առանց կոֆեինի սուրճ: Այնուհետև մասնակիցները բաժանվել են սպառման վեց կատեգորիաների՝ «զրոյական», մեկից պակաս, մեկ, երկու-երեք, չորս-հինգ և ավելի քան հինգ բաժակ օրական: Լուծվող սուրճն օգտագործել է 198 062 (44,1%) մասնակից, աղացած սուրճ՝ 82 575 (18,4%), իսկ առանց կոֆեինի սուրճ՝ 68 416 (15,2%) մասնակից: 100 510 մարդ (22,4%), ովքեր ընդհանրապես սուրճ չեն օգտագործել, հանդես են եկել որպես հսկիչ խումբ։
Հետազոտողները ճշգրտել են տարիքը, սեռը, էթնիկ պատկանելությունը, ճարպակալումը, արյան բարձր ճնշումը, շաքարախտը, քնի ապնոէ, ծխելու կարգավիճակը, թեյի և ալկոհոլի օգտագործումը հետազոտության մասնակիցների կողմից, այնուհետև համեմատել են սուրճ խմողներին և չխմողներին՝ առիթմիաների, սրտանոթային հիվանդությունների հաճախության առումով:
Նշենք, որ դիտարկման ընթացքում առաջացած հիվանդությունների մասին տեղեկությունը գիտնականները ստացել են բժշկական փաստաթղթերից և մահվան մատյաններից։ Միջին հաշվով մասնակիցներին հետևել են 12,5 տարի: Հետազոտության ընթացքում մահացել է ընդհանուր առմամբ 27 809 (6,2%) մասնակից:
Այնուամենայնիվ, սուրճի բոլոր տեսակները կապված են ցանկացած պատճառով մահվան ռիսկի նվազեցման հետ:
Ռիսկի ամենամեծ նվազում է դիտվել օրական երկու-երեք բաժակ սուրճ խմելու դեպքում: Կոֆեին չպարունակող ըմպելիքներ, աղացած սուրճ և լուծվող սուրճ օգտագործողների մոտ մահացության ցուցանիշի նվազումը կազմել է համապատասխանաբար 14%, 27% և 11%՝ սուրճ ընդհանրապես չօգտագործողների համեմատ:
Հետազոտության ընթացքում սրտանոթային հիվանդություն է ախտորոշվել 43 173 (9.6%) մասնակցի մոտ: Սուրճի բոլոր տեսակների օգտագործումը կապված է եղել սրտանոթային հիվանդությունների ռիսկի նվազեցման հետ: Կրկին ամենացածր ռիսկը նկատվել է օրական երկու-երեք բաժակ սուրճի օգտագործման դեպքում։ Առանց կոֆեինի, աղացած և լուծվող սուրճ օգտագործողների մոտ սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգը նվազել է համապատասխանաբար 6%-ով, 20%-ով և 9%-ով՝ համեմատած սուրճ բոլորովին չօգտագործողների հետ։
Հետազոտության ընթացքում առիթմիա է ախտորոշվել 30 100 (6,7%) մասնակիցների մոտ: Աթիթմիայի հաճախության նվազման հետ է ասոցացվում աղացած և լուծվող սուրճի օգտագործումը, բայց ոչ՝ առանց կոֆեինի:
Հսկիչ խմբի համեմատ՝ առիթմիայի ամենացածր ռիսկը նկատվել է օրական չորս-հինգ բաժակ աղացած սուրճ և օրական երկու-երեք բաժակ լուծվող սուրճ օգտագործելու դեպքում, ընդ որում ռիսկերը նվազել են համապատասխանաբար 17%-ով և 12%-ով:
Աշխատանքի հեղինակները հիշեցնում են, որ մեկ բաժակ սուրճը պարունակում է ավելի քան 100 կենսաբանական ակտիվ բաղադրիչներ։ Այնպես որ, պետք չէ կենտրոնանալ միայն կոֆեինի վրա, որը սուրճի ամենահայտնի բաղադրիչն է:
Գիտնականները կոչ են անում տարբեր տեսակի սուրճերի չափավոր օգտագործումը չհամարել խնդիր։ Ընդհակառակը, օրական մի քանի բաժակ սուրճն արդեն կարելի է դիտարկել որպես սրտի համար առողջարար սովորություն։