«Մանկավարժականի բնագիտական թևը գրեթե փլուզված է. միավորման արդյունքում էլի շարունակելու ենք 1 ուսանողի հե՞տ աշխատել». Սերոբ Խաչատրյան
«ԿԳՄՍ նախարարության առջև խնդիր է դրված մինչև 2035թ. 4-5 բուհ ընդգրկել աշխարհի 500 լավագույն համալսարանների մեջ: Իմ կարծիքով՝ սա բավական ոչ ռեալ հաշվարկ է, և գոնե 1-2 բուհ ընդգրկելու համար չեմ բացառում՝ վերջում Հայաստանի բոլոր բուհ-երը միացնեն: Այս պահին միակ համալսարանը, որը քիչ թե շատ շանսեր ունի 500-ի մեջ մտնելու, Երևանի պետական համալսարանն է, որը գտնվում է 800-1000-ի սահմանում: Մնացած համալսարաններն ընդհանրապես չկան այդ ցուցակներում: Այս միավորման գաղափարը բխում է այդտեղից»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ անդրադառնալով վերջին օրերի՝ 3 բուհերի միավորման աղմկահարույց խնդրին:
Նրա խոսքով 3 բուհ-երի՝ Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանի, Ֆիզկուլտինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միավորման պարագայում, բնականաբար, գիտական հոդվածների թիվը կմեծանա, և բացառված չէ, որ այդ միավորված բուհ-ը սանդղակում կառաջանա:
«Չի բացառվում՝ վերջում Բժշկական համալսարանն էլ միացնեն ԵՊՀ-ին, որ ԵՊՀ-ին տանեն դեպի լավագույն 500 համալսարաններ»,- ասաց Սերոբ Խաչատրյանը՝ հավելելով, որ միավորման գաղափարի հիմքում կա նաև գումար խնայելու և այդ գումարները բուհ-երի ուժեղացման վրա ծախսելու միտումը:
Ըստ կրթության փորձագետի՝ բուհ-երի միավորման հարցը շատ մանրակրկտորեն պետք է քննարկվեր թե բուհ-երի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի, թե նաև ուսանողների ու մասնագետների հետ, և գուցե նախարարությունը կարողանար հրապարակել մի քանի մոդելներ ու սցենարներ, բայց սա չի արվել:
«Չեմ կարծում, որ սա միավորման լավագույն տարբերակն է: Միավորման պատճառներից մեկն այն է, որ ուսանողների թիվը մեծ չէ: Օրինակ, մասնավորապես, Մանկավարժական համալսարանում ուսանողների թիվը շեշտակի նվազել է, և կարող ենք մտածել՝ բուհ-ը պահելու համար միավորումն օպտիմալ կլինի: Բայց տեսեք՝ Մանկավարժական համալսարանի բնագիտական թևը գրեթե փլուզված է: Այս տարի բնագիտական ֆակուլտետներ, բոլորը միասին վերցրած, երևի թե մի 10-15 ուսանող է ընդունվել: Ենթադրենք՝ միացրեցինք: Բնագիտական թևն այս միավորման արդյունքում ի՞նչ է ստանալու: Էլի շարունակելու ենք 1 ուսանողի հե՞տ աշխատել»,- ասաց Սերոբ Խաչատրյանը:
Կրթության փորձագետի հարցը ԿԳՄՍ նախարարությանը հետևյալն է՝ եթե բուհ-երը միավորվում են, ու Մանկավարժական համալսարանի բնագիտական թևն էլի նման փլուզված վիճակում, սա ի՞նչ է տալիս մեզ:
«Այս տարի մի տարօրինակ բան էլ տեղի ունեցավ: Նախարարությունը հանկարծակի որոշեց, որ դիմորդներն առնվազն երկու քննություն պետք է հանձնեն: Եվ սա էլ սխալ որոշում էր այն իմաստով, որ ուշ որոշվեց: Մարդիկ հոկտեմբեր-նոյեմբերին տեղեկանում են, որ պետք է մեկ քննություն չհանձնեն, այլ 2, և ես զարմացա, որ այստեղ դիմորդների ընդվզում չեղավ, որովհետև դու խաղի կանոնները պետք է 1-2 տարի առաջ փոխես, ոչ թե 7-8 ամիս առաջ: Չի բացառվում, որ սա միտումնավոր արվեց, որպեսզի Մանկավարժական և Ագրարային համալսարանները չունենան ուսանողներ, որ միավորումն ունենա հիմք: Այս տարի հատկապես այդ երկու բուհ-երում կոտորած եղավ: Մանկավարժական համալսարանի Կենսաբանության ֆակուլտետ դիմել էր 15 հոգի, և բոլորը կտրվեցին: Եվ սա նախարարության համար հիմք է. ուսանող չկա, եկեք միավորենք»,- ասաց Սերոբ Խաչատրյանը:
Կրթության փորձագետը նշեց, որ վաղ թե ուշ բոլոր բուհ-երի շենքերը կօտարվեն, որովհետև եթե բուհ-երը տեղափոխվեն Աշտարակ, ինչպես կառավարությունն է նախատեսում, այդ շենքերը կամ կվաճառվեն, կամ կտրվեն վարձով:
«Իմ կանխատեսմամբ՝ բուհ-երի միավորման հարցը նախարարությունը կկարողանա իրագործել, որովհետև մեզ մոտ, ցավոք, միշտ որոշումները մինչև վերջ տանում են, և այն մարդիկ էլ, ովքեր պայքարում են, միասնականություն չեն ցուցաբերում. Ինչ-որ փուլում պառակտում է լինում, կոմպրոմատային փաթեթներ են ի հայտ գալիս: Դրա համար ես կարծում եմ՝ միավորումը, ի վերջո, տեղի է ունենալու, բայց Հայաստանում վատն այն է, որ միշտ որոշում են վերևները, վճարում են ներքևները: Հիմա որոշել են միացնել, անելու են: Չեն լսելու մարդկանց, հակափաստարկներ, այլ տարբերակներ, բայց եթե մի 10 տարի հետո բուհ-ական կրթության մակարդակը ցածր լինի, ողջ մեղքը գցելու են դասախոսների վրա: Որոշումն իրենք են կայացնում, գոնե իրենք վճարեն: Կներեք, բայց դուք մեզ հարցրե՞լ եք՝ մենք ինչ ենք ուզում: Ես էլ եմ դասախոս, ու ինձ որևէ մեկը չի հարցրել՝ դու ուզո՞ւմ ես Աշտարակ գնալ»,- ասաց Սերոբ Խաչատրյանը:
Կրթության փորձագետի պնդմամբ՝ Հայաստանի կրթական համակարգն այսօր ունի որակյալ կառավարիչների խնդիր:
«Եթե նախարարությունն այս հարցը լուծի, բուհ-երը միգուցե իրենք ցանկանան միավորվել: Որակյալ կառավարիչներ ունենալու հարցն ամենակարևորն է: Կառավարումը Հայաստանի կրթության թիվ մեկ խնդիրն է: Մենք անընդհատ մեղքը գցում ենք կատարողների վրա, բայց կատարողների խնդիրները գալիս են որոշում կայացնողներից»,- եզրափակեց Սերոբ Խաչատրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում