Բաժիններ՝

Միակ ելքը երկրի և կրթության կառավարման համակարգի բարելավումն է. չկա սրտացավություն, պրոֆեսիոնալիզմ, լուծում են սխալ խնդիրներ. Սերոբ Խաչատրյան

Գնահատման և թեստավորման կենտրոնը հուլիսի 20-ից կազմակերպել է լրացուցիչ մրցույթի՝ բուհերում թափուր մնացած տեղերի հայտագրման գործընթացը: Ըստ այդմ, թափուր տեղերի մրցույթին մասնակցող դիմորդը կարող է հայտագրել մեկ կամ ավելի բուհի մինչև վեց մասնագիտություն, եթե այդ մասնագիտություններում առկա են թափուր տեղեր, և այդ մասնագիտությունների համար սահմանված միասնական քննություններից ունի դրական միավորներ:

2024/2025 ուստարվա ընդունելության միասնական քննությունների արդյունքներով թափուր են մնացել ավելի քան 6300 վճարովի և 271 պետական պատվերով տեղեր: Որոշ բուհերում եղել են ֆակուլտետներ, որտեղ ընդհանրապես դիմորդ չի եղել, օրինակ՝ Ագրարային համալսարանում 8 մասնագիտութունների գծով որևէ դիմորդ չի դիմել։

168.am-ի հետ զրույցում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն այս ուստարվա ընդունելության, կարելի է ասել, ձախողված քննություններին անդրադառնալով, նախ խոսեց պատճառների մասին, որոնք, ըստ նրա՝ մի քանիսն են, կոնկրետ Ագրարային համալսարանում առկա պատկերը դեռևս վերջնական չէ, քանի որ մինչև հուլիսի 26-ը թափուր տեղերի համար կարող են դիմել։

«Իհարկե, հույսը, որ այնտեղ շատ դիմորդներ կլինեն, շատ փոքր է, գուցե մի քանի մարդ ավելանա։

Կարդացեք նաև

Ագրարային ու մանկավարժության համար դիմողների թիվը քիչ է, քանի որ, բացի այն, որ այս մասնագիտությունների գծով աշխատավարձն այսօր ցածր է, նաև այդ աշխատանքները դժվար աշխատանքներ են։ Սա է պատճառը, որ երիտասարդները խուսափում են գյուղատնտեսությունից, մանկավարժությունից, արդյունքում՝ այդ երկու տեղերում ունենում ենք թվերի անկում։

Ընդհանուր առմամբ տարբեր պատճառներ կան, որ այսօր մեր երիտասարդները բուհեր չեն դիմում։ Ժամանակին բուհերում ունեցել ենք 21 հազար ընդունվածներ, բայց այս տարի ունենք ընդամենը 14 հազար դիմորդ, որից 15 տոկոսն արդեն բուհերից դուրս է մնացել, մի մասն էլ, բնականաբար, որևէ թափուր տեղի համար չի դիմելու։

Բուհ չդիմելու գլխավոր պատճառն այն է, որ 12-ամյա կրթությունից հետո երեխաները, երբ սովորում են, բավականին ուշ են ավարտում, բավականին հոգնած ու ձանձրացած են լինում։ Ավարտողներից շատերն աշխատանք են գտնում ու սկսում աշխատել, իսկ երբ գումար են արդեն վաստակում, այլևս բուհում սովորելու իմաստ չեն տեսնում»,- նշեց Սերոբ Խաչատրյանը։

Կրթության փորձագետի գնահատմամբ՝ բուհ չգնալու պատճառներից մեկն էլ այն է, որ ըստ էության տարկետումը վերացվեց։ Պետպատվերի բոլոր տեղերի համար կար տարկետում, բայց այսօր եզակի ֆակուլտետներում է գործում տարկետումը, իսկ այս ամենի արդյունքն էլ այն է, որ տղա դիմորդների թիվը նվազել է։

«Եթե նախկինում բուհեր ընդունվում էին մոտավորապես հավասար թվով աղջիկներ ու տղաներ, ապա այսօր պատկերը փոխվել է, օրինակ, նախորդ տարի բուհեր ընդունվածների 60 տոկոսն աղջիկներ են եղել։

Լուրջ պատճառներից է նաև այն, որ ընդհանուր կրթության որակի անկում կա, այսօր առաջադիմությունն այնքան ցածր է, որ մեծ թվով դիմորդներ չունեն բազա, որպեսզի կարողանան քննություն տալ ու ընդունվել բուհ։

Բուհ չդիմելու պատճառ է նաև կյանքի թանկացումը, դուք տեսեք, թե այսօր ինչպիսի գներ են Երևանում՝ տան և ուսման վարձերն աստիճանաբար բարձրանում են։ Այսինքն՝ Երևանում ապրող մեկ ուսանողին ամիսը 200-300 հազար դրամ գումար է անհրաժեշտ լինելու, ինչը շատ ընտանիքներ չեն կարողանում ապահովել»,- հավելեց փորձագետը։

Սերոբ Խաչատրյանի բնորոշմամբ, այսօրվա երիտասարդներն ավելի պրագմատիկ են, հասկացել են, որ միշտ չէ, որ բուհից ստացած իրենց դիպլոմն օգնելու է, որպեսզի իրենք ընդունվեն աշխատանքի։ Բացի այս, այսօր շատ են այն երիտասարդները, որոնք ձգտում են ընդունվել արտասահմանյան բուհեր՝ ամերիկյան, ֆրանսիական, այդ պատճառով էլ նվազում է հայաստանյան բուհեր դիմողների թիվը։

«Այս իրավիճակից միակ ելքը երկրի և կրթության կառավարման համակարգի բարելավումն է։ Կառավարման այն համակարգը, որը մենք այսօր ունենք, որևէ տեղ չի թողնում զարգանալու՝ չկա սրտացավություն, պրոֆեսիոնալիզմ, լուծում են սխալ խնդիրներ։ Այսօր ոչ թե պետք է ակադեմիական քաղաք կառուցեն, այլ մտածեն դասախոսներին վարձատրելու, մասնագիտական որակները զարգացնելու, երկրի մթնոլորտը փոխելու մասին»,- շեշտեց նա։

Միաժամանակ նա ընդգծեց՝ օրինակ, 2-3 տարի առաջ Ագրարային համալսարան ընդունվում էին առանց քննության կամ մեկ քննությունով, որոշ ֆակուլտետներում, նաև սա է հանգեցրել դիմորդների թվի նվազմանը։

Ի դեպ, դեռ 2022 թվականին կառավարության նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով պարեկային ոստիկանական ծառայությսն թեմային՝ հայտարարել էր, որ «պարեկային ոստիկանություն ծառայության անցնելու համար պարտադիր չէ նաև բարձրագույն կրթություն ունենալը, թեև ամենևին չեմ թերագնահատում կրթական հատվածը։ Ցանկացած ոք, ով ունի միջնակարգ կրթություն, կարող է այդ հավակնությունը ցուցաբերել»։

Տեսանյութեր

Լրահոս