Բանակցություններն Արևմուտքում են, և միջնորդները կարող են արձագանքել, թե ինչ ճանապարհի շուրջ է բանակցությունը. Մալաշենկո
«Թուրքիան միջանցքի հարցում առաջին անգամ հստակ ու հրապարակային հայտարարություն արեց՝ հստակեցնելով, թե իրենց պատկերացմամբ՝ այդ ճանապարհն ինչպիսի կարգավիճակ պետք է ունենա: Սա կարևոր է, քանի որ մեկ բան է՝ ենթադրել, որ կա նման նպատակ, մեկ այլ բան է՝ ունենալ պաշտոնական հայտարարություն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս արևելագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով նախօրեին Թուրքիայի արտգործնախարարի արած հայտարարություններին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Թուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի արտահերթ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է ստորագրել խաղաղության համապարփակ պայմանագիր, որին Հայաստանը թեև ուշացած, բայց դրական է պատասխանել:
Նա նշել էր, որ Ադրբեջանն ունի ողջամիտ պահանջներ, որոնց թվում է «Զանգեզուրի միջանցքի» կարգավիճակը, որը պետք է լինի նույնը, ինչ Լաչինի միջանցքը։ Չավուշօղլուն հավելել էր, որ խաղաղությունը պահպանող ջանքերը պետք է արագացվեն։ Նրա խոսքով, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը դրականորեն է ազդում նաև հայ-թուրքական հարաբերությունների վրա։
Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ սա Թուրքիայի կողմից նմանատիպ առաջին մանրամասն անդրադարձն էր այդ միջանցքի թեմային:
Ըստ նրա, եթե մինչ այս նույնիսկ կասկածներ կային, որ կողմերի միջև կարող են լինել տարաձայնություններ ընկալումների շուրջ, ապա թուրքական կողմը հստակեցրեց, թե ինչ նկատի ունի՝ նման ճանապարհ պահանջելով:
«Այստեղ արդեն միջազգային հանրությունը և այն գործիչները, ում ներկայությամբ այս հարցերը քննարկվում են, պետք է հստակեցնեն՝ արդյո՞ք եղել են նմանատիպ պայմանավորվածություններ, արդյո՞ք քննարկվել է այդ ճանապարհի համար նման կարգավիճակ, թե՞ ոչ: Օրինակ՝ քննարկվե՞լ է արդյոք նման բան Պրահայում: Չէ՞ որ սա կողմերի միջև ամենակարևոր հարցերից մեկն է, և դա վստահաբար քննարկվել է միջնորդների ներկայությամբ:
Արդյո՞ք սա ընդունելի է միջնորդների համար այն դեպքում, երբ ասում էին, թե բրյուսելյան փաթեթում այդ ճանապարհի նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու է ՀՀ-ն իր տարածքում: Սա այնպիսի բան չէ, որ համաձայնագրում հստակորեն չամրագրվի, բնականաբար, պետք է հստակ կարգավիճակ ունենա: Եթե նման բան չի քննարկվել, նշանակում է թուրք-ադրբեջանական կողմերը, որոնք անթաքույց միասին են հանդես գալիս, խախտում են պայմանավորվածությունները: Այս պահին Երևանն ասում է մեկ բան, Բաքուն՝ մեկ այլ: Բավականին բարդ իրավիճակ է: Սակայն բանակցություններն Արևմուտքում և միջնորդները կարող են արձագանքել, թե ինչի շուրջ է խոսակցությունը դիվանագիտական հետագա էսկալացիայից ու դրա հետևանք այլ խնդիրներից խուսափելու համար»,- նկատեց նա: