Հայաստանն ու Բուլղարիան կստեղծեն հայ-բուլղարական առևտրի և տնտեսական պալատ. ստորագրվեց համագործակցության հուշագիր

ՀՀ նախագահի պետական այցի շրջանակում Հայաստանն ու Բուլղարիան ստորագրեցին հայ-բուլղարական առևտրի և տնտեսական պալատի ստեղծման մասին հուշագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն ստորագրեցին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն ու Բուլղարիայի արդյունաբերական կապիտալի ասոցիացիայի նախագահ Վասիլ Վելևը:

Գագիկ Մակարյանի խոսքով՝ նման պալատի ստեղծման անհրաժեշտությունն առաջացել է տնտեսության և գործարարության ոլորտում հայ-բուլղարական համագործակցությունը խթանելու նպատակով:

«Նախատեսված ուղղությունները ծածկում են տնտեսության այն ճյուղերը, որոնք և՛ բուլղարական, և՛ հայկական կողմի համար կարևոր են։ Մասնավորապես, մեքենաշինություն, կոմպոզիտային նյութերի արտադրություն, առևտուր, պահածոներ դեղագործական խնդիրներ, տուրիզմ, կանաչ էկոնոմիկա և այլն»,- նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը։

Հայաստանի գործատուների հանրապետական միությունը և Բուլղարիայի արդյունաբերական կապիտալի ասոցիացիան հանդես կգան որպես հիմնադիրներ։ Հիմնադրման գործընթացում կընդգրկվեն բուլղարական և հայկական ընկերություններ։ Հոկտեմբերի 19-ին Բուլղարիայում կկայանա բիզնես ֆորում, որի շրջանակներում մեքենաշինության և կոմպոզիտային նյութերի արտադրման ոլորտներում աշխատանքներ կանցկացվեն։

«Բուլղարիան մեզ հետաքրքիր է որպես տրանսպորտային կարևոր լոգիստիկ կենտրոն, որպես կոմպոզիտային նյութեր արտադրող, որոնք օգտագործվում են ճանապարհաշինության, նավաշինության, ատոմային էներգետիկայի, ընդհանուր էներգետիկայի ոլորտներում։ Բուլղարիան ունի նաև կոռուպցիայի դեմ պայքարելու տարրեր»,- ասաց Մակարյանը։

Նրա խոսքով՝ Բուլղարիան Հայաստանից պահածոներ ներմուծելու կարիք ունի։ Հայաստանը կարող է մեքենաշինության ոլորտում որոշ պատվերներ տեղակայել։ Մակարյանի համոզմամբ՝ բուլղարական կողմը հետաքրքրված է նաև տուրիզիմի, դեղագործության և այլ ոլորտներով։

Ըստ Գագիկ Մակարյանի՝ Հայաստանից արտահանման ծավալների 6 տոկոսը բաժին է ընկնում Բուլղարիային։ Հայաստանն էլ ներմուծում է որոշ սարքավորումներ, հագուստ։

«Կարծում եմ՝ ապագայում կավելանա Բուլղարիայի դերակատարումը։ Կան ոլորտներ, որոնք շատ համահունչ են երկու երկրների շահերի համար: Այդ ոլորտներից են մեքենաշինությունը, կոմպոզիտային նյութերի արտադրությունը, աշխատուժի փոխանակումը։ 2018 թվականի ապրիլին Հայաստանի և Բուլղարիայի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների միջև կնքվել է համաձայնագիր աշխատուժի փոխանակման մասին։ Այժմ մտադիր ենք ակտիվացնել այդ ուղղությունը»,- եզրափակեց Գագիկ Մակարյանը։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պետական այցով գտնվում է Բուլղարիայի Հանրապետությունում։ Այցի շրջանակում նախատեսված է ՀՀ և Բուլղարիայի նախագահների հանդիպումը։

Նախագահները հանդիպումների արդյունքները կամփոփեն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով:

Տեսանյութեր

Լրահոս