Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեցի դեմ պայքարի ամիսն է. մասնագետները հորդորում են ամենամյա պարտադիր հետազոտություն անցնել

Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի բավականին մեծ տարածում ու հիվանդացության աճ է գրանցվում: Մասնագետները բոլոր կանանց հորդորում են 20 տարեկանից սկսած ամենամյա սոնոգրաֆիկ, իսկ 40-ից սկսած՝ երկու տարին մեկ անգամ մամոգրաֆիկ հետազոտություն անցնել, ինչը թույլ կտա վաղ փուլում հայտնաբերել քացկեղի առկայությունը, կանխարգելել այն ու խուսափել հետագա բարդություններից։

Աստղիկը 39 տարեկանում հերթական ստուգման ժամանակ բավականին անսպասելի իմացավ, որ կրծքագեղձի քաղցկեղ ունի: Նա պատմում է. ամեն ինչ այնքան անսպասելի էր, որ չի հասցրել անգամ դեպրեսիվ վիճակում հայտնվել` շնորհիվ ընտանիքի անդամների:

«Որ պատկերացնում էի ծնողներս ինչ են զգում, դա ինձ ուժ էր տալիս, որ ես պետք է ինձ ավ զգամ, ուրախ լինեմ, որ իրենք չանհանգստանան ու ամեն ինչ լավ լինի»,.-ասաց նա:

Խնդրի մասին լուրն իմանալուց հետո Աստղիկը սկսեց ամեն ինչ կարդալ, ուսումնասիրել ու հասկացավ, որ Հայաստանում հատկապես կրծքագեղձի քաղցկեղի բուժումը շատ լավ վիճակում է գտնվում:

«Մենք ունենք հիանալի մասնագետներ ու լավ պատմություններ, որոնք ինձ բավականին ուժ տվեցին, և ես համոզվեցի որ բուժվելու եմ, քանի որ բոլորովին տրամադրված չէի վատ արդյունքի»,-նշեց նա:

Աստղիկի խոսքով` քաղցկեղին բախված մարդկանց առաջին վախը մազաթափությունն է:

«Իմ պարագայում ամբողջ քաղաքն ինձ մազերով էր ճանաչում, բայց երբ ընկնում ես այս ամենի մեջ, հասկանում ես, որ դա ամենափոքր բանն է, որ կարող է լինել: Մազերս թափվեցին, հետո քիմիայի ավարտից հետո ամենը վերականգնվեց: Իմ բուժումից արդեն 1 տարի է անցել:Արդեն մազեր ունեմ, ու մազերս էլ արդեն կապվում են»,-պատմեց նա:

Նա հորդորեց բոլորին խնդրին բախվելու դեպքում չհուսահատվել, անպայման տրամադրվել դրականորեն:

«Իրականում այս ամենի մեջ էլ լավ բաներ կան, օրինակ՝ սկսում ենք կյանքում գնահատել այն ամենը, ինչ մինչ այդ ունեցել ենք, բայց չենք գնահատել»,-նշեց Աստղիկը:

Աստղիկը մեկ տարի անց էլ շարունակում է աջակցել քաղցկեղով հիվանդ մարդկանց` արդեն սոցիալական հարթակների միջոցով:

«Երբ ինձ մոտ նոր էր քաղցկեղը, ու ես դեռ տեղեկացված չէի խնդրից, ես ուզում է փորձի փոխանակում, բաներ կային, որ չէի ուզում հարցնել մասնագետներին և, ցավոք, Հայստանում չգտա նման հարթակ: «Ֆեյսբուք»-ում խումբ ունենք, որը կոչվում է «Քաղցկեղ-քիմիոթերապիա» և խումբը նախատեսված է այն կանանաց համար, ովքեր անցնում են այս բարդ ճանապարհով»,-ընգծեց Աստղիկը:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուռուցքաբան-վիրաբույժ Մետաքսյա Մկրտչյանը հիշեցնում է՝ հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիսն է, և սա ևս մեկ առիթ է, որպեսզի ահազանգեն կանանց վաղ ախտորոշվելու անհրաժեշտության և վաղ ախտորոշման պարագայում հուսալիորեն բուժվելու մասին:

«Բոլորիս հայտնի է, որ ստանդարտ դարձած վիրահատական մեթոդները, որոնք իրականացվում են կրծքագեղձի վիրահատության ժամանակ, բավականին մեծ բարդությունների առաջ են կանգնեցնում կանանց՝ բացասական անդրադառնալով նրանց կյանքի որակի վրա: Ներկայումս ուռուցքաբանության կենտրոնում ներդրվել են երկու բացառիկ սարքավորումներ, որոնք մեզ թույլ են տալիս մեր կենտրոն դիմած, կրծքագեղձի քաղցկեղը վաղ փուլում հայտնաբերած կանանց բուժել վիրահատական նոր մոտեցումների շրջանակներում ` պահպանելով նրանց կյանքի որակը»,-ասաց նա:

Բժշկի խոսքով` 80-85 տոկոս մեծամասնությունն արդեն գալիս են վաղ փուլում, և գրեթե բոլոր կանայք կողմնակից են կրծքագեղձի պահպանմանը, այլ ոչ հեռացմանը:

Տեսանյութեր

Լրահոս