Արցախում պետական աջակցության ծրագրերով կխթանվի արևային ջրատաքացուցիչների և էլեկտրակայանների օգտագործումը
Հաշվի առնելով արևային ջրատաքացուցիչների էներգաարդյունավետությունը, Արցախում 2023 թվականի բյուջետային տարում նախատեսվում է պետական աջակցության գործող ծրագրում ընդգրկել նաև գազաֆիկացված համայնքները:
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի էներգետիկայի բաժնի պետ Արմեն Մեջլումյանը՝ հավելելով, որ աջակցման մոդելը կձևափոխվի, որը ենթակա է լրացուցիչ քննարկման:
«Կառավարության ծրագրի համաձայն՝ չգազաֆիկացված բնակավայրերի բնակիչ- բաժանորդների համար արևային ջրատաքացուցիչների ձեռքբերման և տեղադրման գործընթացը մեկնարկել էր այս տարվա օգոստոս ամսից, որի ընթացքը, սակայն, ադրբեջանական սեպտեմբերյան ռազմական ագրեսիայի հետևանքով որոշ ժամանակ խաթարվել էր: Այս պահին հայտ ներկայացրած 155 շահառուից ծրագրից օգտվել է 66-ը՝ Ստեփանակերտի Նոր Արեշ թաղամասում, Մարտունու շրջանի Կոլխոզաշեն, ՆՆգի, Պառավաթումբ, Կաղարծի և Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր, Ճանկաթաղ, Կիչան համայնքներում: Ընդ որում 31 արևային ջրատաքացուցիչ տեղադրվել է միայն Կոլխոզաշեն համայնքում, ինչը նշանակում է, որ գյուղի տնային տնտեսությունների գրեթե 50 տոկոսը ձեռք է բերել նշված համակարգերը»,-մանրամասնեց Մեջլումյանը՝ նշելով, որ տեղադրվող արևային ջրատաքացուցիչների արժեքի 50 տոկոսը ֆինանսավորում է պետությունը, իսկ մնացածը բնակիչ-բաժանորդը: Սոցիալական որոշակի խմբերի պատկանող 33 ընտանիքի այդ հարցում աջակցել է Հայ օգնության միությունը:
Ներկայում, մեր զրուցակցի տեղեկատվությամբ, արևային ջրատաքացուցիչների տեղադրման ծրագրից օգտվելու համար 9 համայնքից հայտագրված է ևս 90 շահառու, որից 28-ը ընտրված են ՀՕՄ Արցախի միավորի կողմից:
Ուսումնասիրելով բնակիչների կողմից ներկայացված հայտերը՝ արձանագրվել է, որ նույն բնակավայրի բնակիչները հիմնականում ընտրում են միևնույն մատակարար ընկերությունը՝ պայմանավորված նրա առաջարկած արժեքի մատչելիությամբ:
«Այն համայնքներում, որտեղ տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ, բնակչությունը հավաստիանում է արևային ջրատաքացուցիչների օգտակարության հարցում, ինչը լրացուցիչ խթան է հանդիսանում դրանց ձեռքբերման և տեղադրման հարցում: Փորձը ցույց է տալիս, որ բնակիչներն առաջնորդվում են էներգետիկ ծախսերը նվազեցնելու տրամաբանությամբ, սակայն շահագործելուց հետո իրենց գոհունակության աղբյուրը դառնում է հենց մեծ ծավալով տաք ջուր ունենալու փաստը»,-ասաց գերատեսչության բաժնի պետը՝ ընդգծելով, որ արևային ջրատաքացուցիչների տեղադրման շնորհիվ չգազիֆիկացված համայնքում բնակչի էներգետիկ ծախսերը կրճատվում են տարեկան միջինը 80 հազար դրամի չափով, իսկ արդեն 2-3 տարի հետո նա լիովին անվճար տաք ջուր կունենա։
Պետական ծրագրով անցած տարի 16 արևային ջրատաքացուցիչներով են ապահովվել նաև Արցախում գործող «Երկարօրյա դպրոցներ»-ը:
Արցախի կառավարության կողմից ընթացիկ տարվա մարտին հաստատվել է նաև բյուջետային և համայնքային բոլոր հաստատություններն էլեկտրաէներգիա արտադրող արևային կայաններով ապահովելու ծրագիրը: Արդեն իսկ 4 կիլովատ հզորությամբ արևակայաններ են շահագործման հանձնվել Ասկերանի շրջանի վարչակազմի, Մարտունու արհեստագործական ուսումնարանի շենքերում, իսկ 10 կիլովատ հզորությամբ՝ Ստեփանակերտի համար 3 և համար 7 դպրոցներում:
«Ծրագրի նպատակը տվյալ կազմակերպության էլեկտրաէներգիայի սպառման սեփական կարիքները բավարարելն է: Օրինակ 4 կիլովատ հզորությամբ արևային կայանի դեպքում հնարավոր է տարեկան մինչև 300 հազար դրամի չափով խնայողություն ունենալ, իսկ 10 կիլովատի դեպքում՝ մինչև 700 հազար դրամի:
Բացի այդ, տվյալ կազմակերպությունները հանդես կգան որպես էլեկտրաէներգիայի ինքնավար արտադրող: Ներկայում օրենսդրական դաշտը թույլ է տալիս, որպեսզի էլեկտրաէներգիայի ավելցուկը վաճառվի մատակարար՝ «Արցախէներգո» ընկերությանը:
Տեղադրվում են հիբրիդային և ցանցային կայաններ: Մասնավորապես, հիբրիդային արևակայանը հնարավորություն է ընձեռում նաև արտադրած էներգիայի ավելցուկը պահեստավորել՝ ինչը նաև ռազմավարական կարևորություն ունի»,-ներկայացրեց Մեջլումյանը՝ ավելացնելով, որ ծրագիրը շարունակական կլինի և 2023-2025 թվականների միջնաժամկետ ծրագրով, հավանական է, որ երկու տարվա ընթացքում լրիվությամբ կապահովվեն արևակայաններով:
ՏԿԵ նախարարության էներգետիկայի բաժնի պետը նշեց, որ պատերազմից հետո Արցախը կարողանում է ապահովել էներգիայի ներքին պահանջարկի միայն 57 տոկոսը, իսկ մյուս մասը ներկրվում է Հայաստանի Հանրապետությունից:
«Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաև այն, որ էլեկտրալարերն անցնում են Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքներով, ներկա դրությամբ իրականացվում է կառավարության ծրագիր՝ էլեկտրաէներգետիկ ցանցի անվտանգության և հուսալիության բարձրացման ուղղությամբ։ Այդ շրջանակներում էլեկտրաէներգիայի օդային գծերը փոխարինվում են մալուխայինով, վերազինվում են բարձր հզորությամբ ենթակայաններ»,-ասաց Ա. Մեժլումյանը:
Նրա խոսքով՝ էլեկտրաէներգիայի սեփական պահանջարկը բավարարելու նպատակով կխթանվի արևային էներգիայի օգտագործումը:
«Արցախի բնակլիմայական պայմաններն այդ առումով բարենպաստ են: Մեր տարածքում 1 քառակուսի մետր հորիզոնական մակերևույթի վրա արևի հոսքի ներուժը կազմում է տարեկան մոտ 1400 կիլովատ ժամ»,-եզրափակեց ոլորտի պատասխանատուն: