Բաժիններ՝

Բարձրակարգ կաթնամթերքը շուկայում պետք է լինի մակնշմամբ. պրոֆեսոր Նիկոլո Մերենդինո

Ամբողջ աշխարհում հոկտեմբերի 16-ը նշվում էր որպես Պարենի համաշխարհային օր. այն հիմնվել է 1979 թվականին ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության համաժողովում։ Օրվա գլխավոր նպատակը աշխարհում գոյություն ունեցող պարենային խնդրի շուրջ բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացումն է:

Հայաստանում պարենի անվտանգության ապահովման իրավիճակի, դրա փոփոխությունների, կաթի և կաթնամթերքի արտադրության առանձնահատկությունների մասին «Արմենպրեսը» զրուցել է գիտահետազոտական միջոցառումների մասնակցելու նպատակով օրեր առաջ Հայաստան ժամանած Իտալիայի Տուշայի համալսարանի սննդագիտության և սնուցման պրոֆեսոր Նիկոլո Մերենդինոյի հետ։

Պրոֆեսորն իր մասնագիտական գործունեությունը մեծապես նվիրել է սննդագիտության, սնուցման, ինչպես նաև ֆունկցիոնալ սննդամթերքի և դիետետիկայի բնագավառներում հետազոտությունների իրականացմանը, մասնավորապես՝ մարդու առողջության վրա որոշակի սննդամթերքների և սննդանյութերի ազդեցության ուսումնասիրմանը: Պրոֆեսորն այդ բնագավառում համագործակցության երկարամյա փորձ ունի նաև Հայաստանի գիտնականների հետ։

– Պարոն Մերենդինո, տեղյակ ենք, որ պարբերաբար ուսումնասիրում եք նաև հայաստանյան շուկան, նկատել եք արդյոք ընդհանուր շուկայի զարգացման և սպառողների պահանջմունքների փոփոխության դինամիկա։

– Հայաստան այցելում եմ ավելի քան 10 տարի և ծանոթ եմ երկրի սննդամթերքի արտադրության, ինչպես նաև՝ սննդի անվտանգության և սնուցման խնդիրներին։ Ունենալով բավականին երկար աշխատանքային փորձ Հայաստանում և համագործակցելով ոլորտի գիտնականների հետ, պետք է արձանագրեմ, որ կաթի և կաթնամթերքի սպառման դինամիկայի առումով փոփոխություն՝ մասնավորապես աճ, չեմ նկատել, չի արձանագրվում։ Բայց բավականին մեծ փոփոխություն եմ նկատել սպառողների իրազեկման առումով, մասնավորապես սպառողներն արդեն սննդամթերքը դիտարկում են ոչ թե պարզապես որպես կալորիաների աղբյուր, այլ ուշադրություն են դարձնում այն միջավայրին, որտեղ այն արտադրվում է և բնականաբար պայմաններին, քանի որ սննդամթերքի անվտանգությունը հանդիսանում է սննդագիտության անբաժանելի մաս։ Պետք է ասեմ, որ ոլորտում բավականին լուրջ փոփոխություններ կան՝ հանրային իրազեկման առումով։

– Ի՞նչ հետազոտություններ են անցկացվում հայաստանյան շուկայում և ինչ պատկեր ունենք այդ առումով։

– Այս տարիների ընթացքում հայաստանյան շուկային վերաբերող բազմաթիվ հետազոտություններ են իրականացվել, որոնցում անձամբ մասնակցություն եմ ունեցել։ Վերջին թարմ հետազոտություններից մեկը վերաբերվում էր ոչ միայն սննդամթերքի անվտանգությանը, այլև կաթնամթերքի կեղծումներին։ Հատկանշական է, որ այս այցիս ընթացքում հաճելիորեն զարմացած եմ, քանի որ տեղի շուկայում հանդիպել եմ սննդամթերքի անվտանգության միջազգային չափորոշիչներին համապատասխան որակյալ կաթնամթերք, ինչն օրինակելի մոդել կարող է դառնալ մյուս տնտեսվարողների համար։

Սակայն պետք է նշեմ նաև, որ ոչ բոլոր տնտեսվարող սուբյեկտներն են Հայաստանում, որ դեռևս ապահովում են անվտանգության և որակի բոլոր պահանջները։ Սակայն Հայաստան վերջին այցիս ընթացքում ինձ հատկապես տպավորեց այն հանգամանքը, որ Հայաստանում ևս արդեն կան արտադրողներ, որ հասկանում են սննդի մատակարարման շղթան որպես մեկ ամբողջականություն դիտարկելու գործընթացի կարևորությունը, և կիրառում են այսպես կոչված՝ «Սերմից սեղան» հայեցակարգը, քանի որ, բնականաբար, վերջնական սննդամթերքի որակի վրա էական ազդեցություն է թողնում կենդանիների կերակրումը։ Ես ուրախ եմ, որ այս այցի ընթացքում առիթ ստեղծվեց լինելու «Երեմյան Փրոդաքթս» ընկերության արտադրամասում և ֆերմայում։ Ծանոթանալուց հետո, իսկապես շատ տպավորված եմ այն հանգամանքով, որ Հայաստանում արդեն ունեք արտադրող, որը մեծ ուշադրություն է դարձնում և՛ սննդամթերքի անվտանգությանը, և՛ պարենային ապրանքի որակի ապահովման բոլոր ցուցիչներին՝ առաջարկելով բարձրորակ մթերք։

– Պրոֆեսոր, ի՞նչ խորհուրդներ կտաք հայ սպառողին շուկայում որակյալը տարբերակելու և ընտրություն կատարելիս ճիշտ կողմնորոշվելու համար։

– Պարտադիր հետևել պատշաճ մակնշումերին, բայց կարևոր է նաև դրանց օրենսդրական կարգավորումը։ Դրա հետ կապված՝ կուզենայի Իտալիայի փորձով կիսվել. շատ կարևոր է նախապատվությունը տալ բարձր կարգի և բարձրորակ մթերքներին, որովհետև, օրինակ՝ Իտալիայում, եթե ապրանքը համապատասխանում է այդ չափանիշին, այն ունենում է մակնշում։ Իսկ Հայաստանում չկա սննդամթերքների դասակարգում․ սպառողը չի կարող հասկանալ, թե ինչու է ապրանքի համար վճարում ավելի բարձր գին։ Երբ բարձր որակական կատեգորիայի մթերքները լինում են համապատասխան մակնշմամբ, սպառողը կոնկրետ հասկանում է՝ որ ապրանքն է ավելի որակյալ, և գիտակցում, թե ինչի համար է ինքն ավելի շատ վճարում։

Հուսով եմ, որ շուտով ոչ թե եզակի հաճելի բացառություններ, այլ դրական տեղաշարժեր կնկատվեն ամբողջ ոլորտում։ «Երեմյան Փրոդաքթսի» գործունեությունը տեղական շուկայում արդեն իսկ հուսադրող է, քանի որ այն վարակիչ օրինակ կարող է դառնալ սննդամթերքի մյուս արտադրողների համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս